15 04 2020

Բազմացեք կովեր, կյանքը կարճ է. Politik.am

Բազմացեք կովեր, կյանքը կարճ է. Politik.am

Politik.am-ը գրում է. Ապրիլի 14-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը News.am-ի հարցին ի պատասխան անդրադարձ էր կատարել կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում կալանավորված անձանց ազատության խնդրին։ Լրատվամիջոցի խնդրանքով Կաթողիկոսը անդրադարձ էր կատարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցին․ «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,-ասել էր Գարեգին Բ-ն։

Կաթողիկոսի այս կոչը հոգեխանգարմունքի է հասցրել իշխող թիմին։ Կոչից մի քանի ժամ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի խոսնակի միջոցով հոխորտում է և ըստ էության հասկացնել տալիս իշխող թիմի ներկայացուցիչներին, իրենց սպասարկող ֆեյքերին և ոչ միայն՝ հարձակման անցնել և ամեն կերպ նսեմացնել Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Առաջինն ինչպես և սպասելի էր «մարտի» է նետվում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Փոխխոսնակը գրառում է կատարում իր ֆեյսբուքյան էջում․ «Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»,-հայտարարում է Սիմոնյանը։

Եվ սա այն դեպքում, երբ Սիմոնյանը ընդամենը մեկ տարի առաջ կիսվել էր Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ լուսանկարով և գրել էր, որ նրա հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու հզորացման հարցեր։

Հետ չմնացին նաև իշխանական թիմի մանր և միջին տրամաչափի ներկայացուցիչներ։ Ցավալիորեն իշխանություններն անցան բարոյական բոլոր սահմաները։ Չի կարելի ասել, որ Կաթողիկոս Գարեգին Բ-ի գործունեությունն անթերի է, բայց հստակ է, որ այն ինչ կատարվում է նրա դեմ անթույլատրելի է։

Կուլմինացիան վարչապետ Նիկոլ Փաշինյանի անանուն հոդվածն էր, որը հրապարակվեց նրա ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում։ «Թիկունքից հասցված հարվածները չեն ներվում» վերտառությամբ հոդվածում Փաշինայնը խոսում է նախագահ Քոչարյանի ազատությունը պահանջողների մասին, որոնց «ներում չի լինելու»։

Եկեղեցին հայ ժողովրդի պատմության կարևորագույն մի մասն է ու այն ինչ արվում է այս օրերին Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարվածում է նաև եկեղեցու հեղինակությանը։ Եկեղեցի, որն իր ունեցած հզոր կապերով աջակցում է նաև պետությանը։ Հետևաբար նման գործելակերպ կարող են ունենալ պատմական հիշողություն չունեցողներն ու պահի լրջությունը չգիտակոցողները (եթե իհարկե չկա դիտավորություն)։

Մի բան հստակ է, եթե անգամ Կաթողիկոսն իր խոսքում ասել է բան, որը իշխանությունների սրտով չէ, ապա նրանք կարող էին ներքին խողովակներով հասկանալ իրար, առանց հանրային ղալմաղալի և քֆուր-քյաֆարի։ Այդպես  կվարվեր գիտակից իշխանությունը, բայց դժվար է գիտակից անվանել մի քանի հարյուր գլխից բաղկացած խմբավորմանը, որը նախիրի պես ոտնատակ է տալիս ամեն բան, չթողնելով ոչ մի արժեք։ Այնպես որ ինչպես Մարկեսն է ասում․ բազմացեք կովեր, կյանքը կարճ է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ