14 04 2020

Երբ հաց չկա, տեսարաններն արդեն ոչ ոքի չեն հետաքրքրում. Ստեփան Դանիելյան

Երբ հաց չկա, տեսարաններն արդեն ոչ ոքի չեն հետաքրքրում. Ստեփան Դանիելյան

«Ժողովրդի պահանջով կարելի է կատարել ցանկացած հանցագործություն։ Ֆրանսիական ու ռուսական հեղափոխությունների ժամանակ միլիոնավոր մարդիկ են զոհվել «հանուն ժողովրդի»,-գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի հրապարակած հոդվածում, որում հեղինակն անդրադառնում է քաղաքական զարգացումների ընթացքում մարդկային բազմության տեսակներին, հոգեբանությանը և այլ առանձնահատկություններին՝ համեմատականներ անցկացնելով 2018թ. մեր երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացների հետ։ Ստեփան Դանիելյանի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Շատերի համար վիրավորական է լսել «ամբոխ» եզրը, հատկապես, երբ մարդկանց այդ հոծ բազմության մեջ իրենք էլ են գտնվել։ Նման մարդիկ «ամբոխ» և «ժողովուրդ» բառերը միմյանց հետ շփոթում են և լսելով այդ բառը՝ ողջ ժողովրդի անունից վիրավորվում են։ Ամբոխավարությունն ու ժողովրդավարությունը նույնպես միմյանց հետ հեշտ է շփոթել։ Պատահական չէ, որ 2018թ. իրադարձություններից հետո քայլական հեղափոխականներն իրենց բոլոր հակասահմանադրական ու հակաօրինական քայլերը հիմնավորում էին «ժողովրդի պահանջով»։ Պարզ է՝ ժողովրդի պահանջով կարելի է կատարել ցանկացած հանցագործություն։ Ֆրանսիական ու ռուսական հեղափոխությունների ժամանակ միլիոնավոր մարդիկ են զոհվել «հանուն ժողովրդի»։

«Ամբոխն առաջին հերթին մարդկանց խումբ է, որտեղ կարելի է գտնել բոլոր դասակարգերի փշրանքներն ու այդ պատճառով ամբոխին հեշտ է շփոթել ժողովրդի հետ»։

Հանա Արենդտ, գերմանացի փիլիսոփա և քաղաքագետ

Ամբոխը և կազմակերպված հասարակությունը տարբեր հասկացություններ են։ Նույն անձը կարող է ամբոխի մեջ այնպիսի հատկություններ դրսևորել, որն երբեք իրեն թույլ չէր տա այլ պայմաններում։ Մարդն ամբոխում և մարդն ամբոխից դուրս երբեմն իրարամերժ հատկությունների կրող է, և մեզանից ոչ ոք երաշխավորված չէ նման իրավիճակներում նմանատիպ հատկություններ դրսևորելուց։ Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ, որ «ամբոխը» ոչ թե վիրակորական, այլ սուբստանցիոնալ երևույթ է։

«Ավելի հեշտ է խաբել ողջ ամբոխին, քան մեկ մարդու»։

Կարոլ Բունշ, լեհ գրող

Սակայն այս հոդվածում իմ խնդիրն ամբոխի հատկությունները պարզաբանելը չէ։ Մենք գտնվում ենք մեր պատմության «ետամբոխային» փուլում։ Փողոցային օրգիան արդեն ավարտվել է, եկել է ժամանակը հավաքելու շուռ տված սեղանները, ջարդված ամանեղենն ու դատարկված շշերը, վերանորոգելու աթոռներն և այն ամենը, ինչը հնարավոր է փրկել։ «Օրգիայից»՝ ամբոխի խելահեղությունից հետո գալիս է հոգեբանական ֆրուստրացիայի ժամանակը, երբ գիտակցությունը սկսում է իր մասին հիշեցնել, իսկ «ջարդված» ինստիտուտների հետևանքներն արդեն անտանելի են դառնում։

Հեղափոխությունները, որպես կանոն, ուղեկցվում են զանգվածների վարակիչ ոգևորությամբ: Ամբոխի մեջ մարդիկ տոգորվում են միմյանց նկատմամբ հավասարության և հարազատության զգացմունքով` դա պայքարի եղբայրություն է։ Զանգվածները միաբանվում են ընդհանուր գաղափարով, մաքառման ոգով ու սպասում են երջանիկ ապագային: Մեծ սպասումներն ունենում են մի օրինաչափություն՝ հիասթափության անխուսափելիություն, իսկ հանրային մեծ հիասթափությունը միշտ սոցիալական ու քաղաքական կատակլիզմի պոտենցիալ ունի։ 2018թ. հանրային ոգևորությունը իր մեջ արդեն իսկ հիասթափության պոտենցիալ ուներ, ուղղակի ժամանակի հարց էր, թե երբ այն կսկսվի։

«Ամբոխում գտնվող մարդիկ ապրում են ինչպես գլադիատորական մարտերի ժամանակ․ ում հետ գինարբուքով են զբաղվել, նրանց հետ էլ վաղը կռվում են»։

Սենեկա, հռոմեացի փիլիսոփա, պոետ ու պետական գործիչ

Ֆրուստրացիան ծագել է լատիներեն «frustratio»-ից, որը բառացի նշանակում է «խաբկանք», «սին սպասում»։ Դա շատ բարդ հոգեբանական համախտանիշ է, որն առաջանում է այն ժամանակ, երբ սպասումները չեն արդարանում։

Հոգեբանական անբավարարվածությունը, մեծ ակնկալիքների փլուզումը առաջ են բերում ֆրուստրացիոն ագրեսիա։ Շատ հոգեբաններ այն տեսակետին են, որ ագրեսիայի պատճառը ֆրուստրացիան է՝ խեղված սպասումները, չարդարացած հույսերը անձի վարքագծում ծնում են ագրեսիա։ Զանգվածային ֆրուստրացիան առաջացնում է զանգվածային ագրեսիա` բոլորը բոլորին թշնամի դառնալու իրավիճակ։ Երբ հանրային նպատակները ձևակերպված չեն, սպասումները` չհիմնավորված բանական տեսություններով ու պատկերացումներով, մարդիկ սկսում են միմյանց մեջ մեղավորներ ու թշնամիներ փնտրել։

«Նրանք, ովքեր այսօր ամբոխի շրթներին են, շուտով կլինեն նրանց լեզվի վրա, իսկ հետո՝ ատամների արանքում»։

Եժի Լեց, լեհ գրող

Գործող իշխանափոխությունը կեղծ, ոչինչ չասող, անբովանդակ կարգախոսների վրա էր հիմնված՝ «սև-սպիտակ», «Հին Հայաստան-Նոր Հայաստան» և այլն։ Չկային այնպիսի կարգախոսներ ու նախագծեր, որոնք իրենց հիմքում ունենային ստեղծագործ պոտենցիալ։ Դա անբովանդակ պոպուլիզմ էր ու PR։ Եթե իշխանափոխության ժամանակ դա կարելի էր հասկանալ, ցանկացած ժողովրդական շարժում նման հնարաքներ ենթադրում էր, ապա հետագայում այդ հռետորաբանությունը պետք է փոխվեր։ Դա տեղի չունեցավ։ Շարունակեցին մարդկանց բնազդների վրա ազդելու քաղաքականությունը և, բնականաբար, պետք է գար պահը, երբ մարդիկ արդյունքներ պահանջեն։ Այդ պահը եկել է, սակայն ասելիք չունեն։ «Հեղափոխական թիմում» էլ ժողովրդին դիմելու, ոգևորելու, բովանդակային խոսք ասելու ունակ մարդ չկա՝ դրա համար քայլելու համար նախատեսված ոտքեր ունենալը քիչ է։

Մենք հիմա ունենք այն, ինչը որ ունենք, և զանգվածային ֆրուստրացիայի հետևանքները կարող են ավերիչ լինել ոչ միայն գործող իշխանության, այլ պետության համար։ Պետք են նոր լուծումներ, կառավարման նոր ինստիտուտներ, թեկուզ ժամանակավոր ու Սահմանադրությամբ չնախատեսված, որոնք թույլ կտան հանրային վստահության մթնոլորտ ստեղծել այս ծանր շրջանը հաղթահարելու համար»։

Ստեփան Դանիելյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ