06 04 2020

Փաշինյանի տապալումը սարերի հետևում չէ. Politik.am

Փաշինյանի տապալումը սարերի հետևում չէ. Politik.am

Poilitik.am-ը գրել է. Առանց այն էլ նախապանդեմիական շրջանում գրեթե բոլոր ոլորտներում խնդրահարույց իրավիճակում հայտնված գործող իշխանությունների համար կորոնավիրուսի համավարակը մեղմ ասած եղավ այն լակմուսի թուղթը, որը ի ցույց դրեց իշխանափոխական թիմի եւ նրա առաջնորդ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բալզակյան խոսքերով ասած՝ «ողջ պերճանքն ու թշվառությունը»։

Երեւաց կադրային ողբալի վիճակը, տնտեսական անհասկանալի քաղաքականությունը, առանձին նախարարների եւ նախարարությունների՝ մեկը մյուսից «բեխաբար» վիճակը, մի խոսքով այն գրեթե քաոսային իրավիճակը, որը կա այսօր իշխանության ներսում եւ այն ծխածածկույթը, որը որպես հանրային աջակցություն, փորձ էր արվում մատուցել «վճարովի ֆեյքերի» բանակների կողմից՝ բուծված հայտնի ֆաբրիկայում։ Պանդեմիան կարելի է ասել արագացրեց այս ողջ թմբիրային վիճակի հօդս ցնդումը։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ մամուլում հրապարակվում են նյութեր այն մասին, որ նույնիսկ առանձին երկրների կամ գերտերությունների դեսպանատներ, ովքեր հետաքրքրված են Հայաստանի քաղաքական կյանքով եւ այս իշխանություններով, անցկացնում են սեփական հարցախույզները եւ մտահոգվում արդյունքներից, հասկանալով, որ Փաշինյանը, պատկերավոր ասած՝ էլ չունի «աղջիկ վախտերի» ռեյտինգը։ Ու այն, որ ռեյտինգի նկատելի անկում կա, հասկանում են նաեւ իշխանության ներսում եղածները։ Ու քանի որ հասկանում են դա, բնականաբար նաեւ հասկանում են, որ մի օր, ոչ հեռու ապագայում, Փաշինյանի նավը խորտակվելու է եւ իրենք պետք է կարողանան այնպիսի «ցամաքներ» գտնել, որպեսզի ճիշտ պահին կարողանան ցատկել խորտակման դատապարտված նավից ու փրկվել։

Իմաստ չկա Փաշինյանի հետ խորտակվել։ Այս ընթացքում, առանց այն էլ լաթակարկատ թիմում ճեղքերն ավելի են խորացել եւ իշխանական բուրգի շատ ներկայացուցիչներ, փորձում են իրենց տեղը գտնել քաղաքական ապագա վերադասավորումների փուլում՝ ջրի վրա մնալու համար։ Սա ինքնին բերում է անհուսալիության եւ խուճապային տրամադրությունների, եւ նույնիսկ եթե չի էլ բարձրաձայնվում, այնուհանդերձ ազդում է ամեն ինչի վրա։ Այս ամբողջն անշուշտ հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, հայտնի է դարձել, որ նրան այս մասին նույնիսկ զեկուցվել է։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Վանեցյանի եւ Օսիպյանի դեպքերից հետո Փաշինյանը կորցրել է իր թիմակիցների հանդեպ նախնական փուլի վստահությունը եւ նույնիսկ, ըստ մամուլի հրապարակումների, կարգադրել հսկողություն սահմանել, ու հատուկ դոսյեներ կազմել։ Ասում են, որ այժմ այդ հսկողությունը ավելի է խստացվել։ Ի վերջո, Փաշինյանը հասկանում է, որ թիմի կազմալուծումը պառլամենտական հանրապետության պայմաններում կարող է իր տապալումը նշանակել։

Պանդեմիայի շրջանում, թերեւս ողջամտությունից ելնելով, նա չի գնա քաղաքական կոշտ քայլերի, սակայն հնարավոր է, որ վիրուսի հաղթահարումից հետո փորձի սանձահարումներ անել, եթե իհարկե հասցնի, քանի որ ակնհայտ է, որ պանդեմիայի հաղթահարումից հետո, այլ աշխարհում եւ այլ Հայաստանում ենք ապրելու եւ սկսվելիք քաղաքական պրոցեսները մոտեցնելու են Նիկոլ Փաշինյանի տապալումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ