Երկրում ամեն ինչ կանգնած է, ոչ մի բան չի գործում, ոչ մի աշխատանք չկա, բայց յութուբյան ալիքներ կան, որոնք ամենօրյա ռեժիմով նյութեր են պատրաստում՝ իրենց պատկերացմամբ վնաս հասցնելով այս կամ այն քաղաքական կամ հասարակական գործչին, այն մարդկանց, որոնք որևէ կերպ համաձայն չեն եղել կամ համաձայն չեն գործող իշխանության հետ:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, թե աղքատ երկրում մեծ փողեր են ծախսում, որ մարդ վարկաբեկեն:
Նա հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանն» այդ ալիքների մոնիթորինգ է իրականացել և պարզել, որ դրանցում իշխանություններին ուղղված քննադատական նյութեր չկան.
«Այսինքն՝ երբ իշխանություններն ասում են, թե մեդիա չունեն, ամբողջ մեդիան ուրիշների ձեռքում է, և իրենք տուժում են, պարտվում են մեդիայում, դա այնքան էլ այդպես չէ կամ ընդհանրապես այդպես չէ: Տեսնում ենք, որ մեծ փողեր են ծախսվում, որոնցով փորձում են վարկաբեկել մարդկանց»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, թե այդ ալիքները հավանաբար կառավարվում են իշխանության կամ իշխանության հետ կապ ունեցող անձանց կողմից:
Վերջինս հորդորեց օգտվել ավանդական համարվող լրատվամիջոցներից՝ ապատեղեկատվություն ստանալուց հնարավորինս խուսափելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը