Ապրիլյան պատերազմին նվիրված՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հեղինակած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն անդրադարձել է պատերազմի վերաբերյալ հնչող մի շարք քննադատությունների:
«Չգիտես ինչո՞ւ` ապրիլի արդեն երկրորդ կեսերից սկսվել է որոշակի մանիպուլյացիա, հատկապես այն մասով, որ իբր թե դիրքերում չեն եղել փամփուշտներ, սննդամթերք, զրահատեխնիկայում դիզվառելիքի փոխարեն եղել է ջուր։ Սկսած ջոկի դիրքից` այսօր էլ այն պաշարները, որ նախատեսված են, տեղադրված են բոլոր դիրքերում: Բոլոր հրաձգային զենքերի համար զենքերի պաշարները եղել են: Իհարկե, մարտական գործողությունների ժամանակ ծախսվում է այդ զինամթերքը, իհարկե, զեկուցվում է` զինվորից սկսած մինչև զորամասի հրամանատար։ Իհարկե, արվում է ամեն ինչ, որպեսզի այդ ծախսված զինամթերքը վերականգնվի և դա արվել է։ Պարզապես եղել են որոշ ուղղություններ, որտեղ դիվերսիոն խմբերի կողմից կանգնեցվել են, վարորդն ու զորամասի համապատասխան ծառայության պետը սպանվել են»,- ասել է Լևոն Մնացականյանը:
Անդրադառնալով քննադատություններին, թե տանկերի մեջ դիզվառելիքի փոխարեն ջուր է եղել, Լևոն Մնացականյանը հիշեցրեց, որ այն ժամանակվա բոլոր հրամանատարները զորացրված են, և նրանք ոչ մի հարցով կաշկանդված չեն իրականությունը ներկայացնելու:
«Ես առաջարկում եմ բոլորին տրամադրել իրենց տվյալները, խնդրեմ, ներկայացեք նրանց բնակավայրեր, հարց ուղղեք ու ստացեք պատասխաններ եղե՞լ է նման դեպք: Եթե կլինի գոնե մեկ դեպք, խնդրեմ, ներկայացրեք: Այդ դեպքում ես կհամարեմ, որ ընդհանրապես չի եղել վառելիք: Ես այդպես կորակեմ»,- ասել է Մնացականյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը