«Այլընտրանքային նախագծեր խումբը» առաջարկ է ներկայացրել պարետատանը:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Ամեն օր հանրությանը պաշտոնապես տեղեկացվում է համաճարակի վիճակը Հայաստանում՝ նշելով նոր հիվանդների թիվը։ Դրական գնահատելով պաշտոնական մեկ աղբյուրից տեղեկատվություն տալու քաղաքականությունը, կարծում ենք, որ կա այն ավելի լիարժեք դարձնելու անհրաժեշտություն։ Նոր վարակվածների թվին զուգահեռ՝ հրապարակել նոր թեսթավորվածների քանակը։ Այսինքն՝ հասարակությունը պետք է հստակ իմանա՝ քանի թեսթի արդյունքում են տվյալ օրը ստացվել իքս դրական պատասխանները։ Հակառակ պարագայում տեղեկատվությունն ամբողջական չէ, իսկ պատկերն ընդհանուր վիճակի մասին՝ խիստ աղճատված։
Պայմանական օրինակ. այլ բան է, եթե մեկ օրվա ընթացքում արվել է, ասենք, 100 թեստ և ստացվել է, դարձյալ պայմանական, 50 հիվանդ, և լրիվ այլ բան է, եթե այդ թիվը ստացվել է մի քանի անգամ ավելի մեծ թվով թեսթերի արդյունքում։
Կա նաև երկրորդ պահը, որը դարձյալ կարևոր է՝ իրական միտումները հասկանալու համար։ Ո՞ւմ են թեսթավորում, ո՞ր կոնտինգենտի միջից են հայտնաբերվում օրվա նոր հիվանդները։ Եթե դրանք ամբողջությամբ կամ նույնիսկ մեծամասամբ արդեն մեկուսացվածների շրջանակից է, ապա կա մտավախություն, որ ավելի մեծ հանրության շրջանում իրավիճակի իրական պատկեր չունենք։
Եվ վերջինը՝ երեկ Ադրբեջանը հայտարարեց, որ Ռուսաստանից ստացել է մեծ քանակի թեսթավորման համակարգեր։ Կարծում ենք՝ Հայաստանի իշխանությունները պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ նմանատիպ օժանդակություն ստանալու համար։ Եթե կան տեխնիկական կամ այլ տիպի խնդիրներ, ապա պետք է գործի դնել բոլոր խողովակները։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կարանտինն ու գրագետ մեծաքանակ թեսթավորումը լավ արդյունք են տալիս, իսկ մեկի բացակայությունը էապես թուլացնում է մյուսի արդյունավետությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը