Yerevan.Today-ը հոդված էր հրապարակել «Մասիս Մայիլյանի պաշտոնավարումը դրական է ազդել որդու կարիերայի վրա» վերնագրով։
Նշել էինք, որ 2019–ին Արցախի ԱԳՆ-ն մրցույթ է հայտարարում արցախցի ինտելեկտուալ երիտասարդության շրջանում՝ ընտրելու այն լավագույնին, ով պիտի արժանանար ԱՄՆ–ում անվճար սովորելու կրթական ծրագրի ուղեգրին: Եվ 13 դիմումատուների միջից ընտրվել է հենց Մասիս Մայիլյանի որդին:
Մյուս փաստն այն էր, որ Մասիս Մայիլյանը պլանավորել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը պետք է նոր վեբկայք ունենա, և առանց մրցույթի հայտարարման, առանց ծառայությունը պատվիրակելու, պատշաճ թղթաբանություն ապահովելու, պարոն Մայիլյանը ԱԳՆ-ի կայքին հատկացրած գումարը փոխանցել է սեփական որդուն՝ նույն Հայկին, միայն թե ստիպված չլինի երկրորդ անգամ մրցակցության մեծաթիվ հայտերի միջից մի կերպ Հայկին լավագույնը դարձնել: Կայքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2018թ․ դեկտեմբերի 13-ին։
Մասիս Մայիլյանը հանդես է եկել հերքմամբ՝ 1-ին փաստի մասին նշելով, որ մրցույթը հայտարարել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը, այն ընթացել է առցանց ռեժիմով՝ երկու փուլով, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր որդին։ Արցախի ԱԳՆ-ն էլ, ըստ Մայիլյանի, ոչ մի առնչություն չի ունեցել մրցույթի կազմակերպման և թեկնածուների առաջադրման հետ։
Ստացվում է՝ պարզապես առաջադրողները որոշել են առաջադրել հենց իր որդու թեկնածությունը։
Ինչ վերաբերում է կայքին, ապա, ըստ Մայիլյանի, այն պատվիրվել է 2015 թվականին՝ իր պաշտոնավարման մեկնարկից առաջ, պարզապես շնորհանդեսը եղել է 3 տարի անց։
Ահա այսպիսի հերքում։ Իրոք որ փաստերը համառ բան են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը