28 03 2020

Ինչո՞ւ է Մասիս Մայիլյանի մուտքը արգելված «ФСБ»-ի որոշմամբ

Ինչո՞ւ է Մասիս Մայիլյանի մուտքը արգելված «ФСБ»-ի որոշմամբ

Արցախում ընտրարշավը մոտենում է տրամաբանական ավարտին: Մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրն է: Եվ քվեարկության նախաշեմին առաջադրված նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանի անվան հետ կապված վերստին սկանդալային տեղեկություն տարածվեց, որ 2020թ. մարտի 11-ից, 5 տարի ժամկետով արգելված է նրա մուտքը Ռուսաստան Դաշնություն՝ ՌԴ ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն՝ ФСБ) որոշմամբ:

Ավելի վաղ Մասիս Մայիլյանի անվան հետ կապված դարձյալ նման տեղեկություն էր շրջանառվել, սակայն թեկնածուի նախընտրական շտաբը, լիազորված ներկայացուցիչները հերքմամբ էին հանդես եկել` հավաստիացնելով, թե նման բան չկա: Հերքեցին, բայց որևէ փաստական ապացույցով հանդես չեկան, ՌԴ դեսպանատունը ևս չարձագանքեց, թե այդպիսի բան չկա։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություն ունենալը ցանկացած քաղաքական դերակատարի համար շատ կարևոր է, գոնե մեր տարածաշրջանում, Մայիլյանը եթե այդպիսի բան չկար, պետք է որ իրեն «ճղեր» իր ընտրողին ապացուցելու համար որ այպես չի, այլ հակառակն է․ բայց ոչինչ չարեց, որն էլ իր հերթին կասկածների ալիքը չթուլացրեց։ Իսկ այսօր, արդեն, այսպես։ Տելեգրամում հայտնի «Ереванская телебашня» ալիքը հրապարակեց փաստաթուղթ, որից պարզ է դառնում որ «նման բան իրականում կա»:

Մտահոգվելու տեղիք է տալիս նաև նշված պատճառը, այն է՝ Ռուսաստանի անվտանգության ծառայության գնահատմամբ՝ Մասիս Մայիլյանը սպառնալիք է ներկայացնում ՌԴ ազգային անվտանգությանը: Ո՞րն է խնդիրը և ինչո՞վ կամ ինչո՞ւ է Մասիս Մայիլյանը ռուսական հատուկ ծառայությունների կողմից դիտվում սպառնալիք ու, հետևաբար՝ անցանկալի անձ, ում մուտքn արգելված է:

Այս «մութ» պատմության մեջ շատ բան է հետաքրքիր, բայցև՝ պարուրված խորհրդավորության մշուշով: Ամենից առաջ, դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է Արցախի որևէ գործչի, առավելևս՝ ԼՂՀ ԱԳ նախարար եղած գործչի նկատմամբ նման գնահատական ու վերաբերմունք եղել:

Խնդրին պատճառահետևանքային կապի դիտանկյունից մոտենալիս՝ ուշադրություն են գրավում այս ընթացքում բավականին հաճախ շրջանառված այն տեղեկությունները, լուսանկարներն ու տվյալները, որոնք ուղղակիորեն ակնարկում են, որ Մասիս Մայիլյանը որոշակի համագործակցության մեջ է տխրահռչակ Ջորջ Սորոսի կամ, ավելի ճիշտ՝ նրա ֆինանսավորմամբ գործող շրջանակների հետ: Հայաստանում, որտեղ իշխանությանը սերտորեն հարում են և ավելին՝ իշխանության տարբեր ճյուղերում և օղակներում առկա են նույն սորոսյան ֆինանսավորմամբ շրջանակներ, Արցախի նախագահի թեկնածուներից մեկի նման կապերին, հնարավոր է, նույնիսկ լավ են վերաբերվում:

Մինչդեռ Ռուսաստանում, որտեղ Սորոսի ֆոնդերի գործունեությունն արգելված է,  իշխանությունը բավականին ուշադիր է նման հարցերում: Նկատենք, որ Սորոսի ու նրա ֆինանսավորմամբ գործող ճյուղերի և ճյուղիկների գործունեությունը միայն Ռուսաստանում չէ, որ արգելված է: Բայց այդ դեպքում հարցը հենց Ռուսաստանին է վերաբերում, քանզի այդ երկրի հատուկ ծառայությունն է որոշել 5 տարով արգելափակել Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ:

Ուշագրավ է նաև ամսաթիվը, երբվանից է արգելանքը տրված՝ 11 մարտի 2020թ․։ Այսինքն Մասիս Մայիլյանին նորմալ են վերաբերվել երբ նա Արցախի ԱԳ նախարարն էր, բայց արդեն քարոզարշավի ընթացքում, որոշում է կայացվել այդ տեսակ արգելանք դնելու, ինչու՞։

Հնարավո՞ր է, որ նման որոշումն ուղղակիորեն կապ ունի Մասիս Մայիլյանի «սորոսական կողմնորոշման» կամ համագործակցության հետ: Շատ հնարավոր է, որ դա է ռուսական հատուկ ծառայությունների նման բացասական վերաբերմունքի հիմնական պատճառը: Սա կարելի է դիտարկել նաև, որ ռուսները իրենց վերաբերմունքն են ցույց տալիս հատկապես այդ գործչի նկատմամբ, որը, անշուշտ, մտահոգիչ է։

Բայց այստեղ, ցանկացած դեպքում, շատ ավելի կարևոր հարց կա: Ենթադրենք, Մասիս Մայիլյանը հաղթում է առաջիկա ընտրություններում և դառնում Արցախի նախագահ: Ինչպե՞ս է պատկերացնում արցախցի ընտրողը նախագահի պաշտոնում մի գործչի, ում մուտքը Ռուսաստան արգելված է, այն էլ՝ ազգային անվտանգության սպառնալիք լինելու ձևակերպմամբ:

Արցախը, որ չճանաչված պետություն է, որ արդեն երկուսուկես տասնամյակ բավականին ջանքեր է գործադրում՝ արտաքին-քաղաքական կապերի հաստատման, ընդլայնման և ճանաչման ուղղությամբ, կարո՞ղ է իրեն թույլ տալ ունենալ մի նախագահ, ով սպառնալիք է համարվում Հայաստանի ռազմավարական դաշնակցի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ տերություններից մեկի կողմից: Դա ի՞նչ կտա Արցախին, նոր դժվարություններից և պրոբլեմներից բացի:

Ընդհանրապես, չպետք է մոռանալ, որ 19-րդ դարի սկզբին, պատմական Հայաստանի երկրամասերից առաջինը հենց Արցախն է հայտնվել Ռուսական կայսրության կազմում (1813թ. Գյուլիստանի պայմանագիր), ու որոշակի հանգամանքների բերումով Արցախում արտաքին կողմնորոշումը ավանդաբար ռուսամետ է: Չարժե մոռանալ և ռազմատեխնիկական համագործակցության և նման այլ կարևոր նրբությունների մասին: Այդքանով հանդերձ, հասկանալի է, որ Արցախի որևէ նախագահ, եթե այդ կարգի խնդիր ունի որևէ գերտերության, իսկ այս դեպքում հենց Ռուսաստանի հետ, որ նույնիսկ մուտքն է արգելվում, ոչ միայն որպես անհատ քաղաքական գործիչ կարող է խնդիրներ ունենալ, այլ կարող է լրջագույն խնդիրներ հարուցել հենց Արցախի պետականության ու ժողովրդի համար: Ի վերջո, նույն Մայիլյանը պետք է հասկանա հարցի լրջությունը և ինքը քայլեր անի, միգուցե իր թեկնածությունը հանի՝ Արցախին ավելի դժվար վիճակի մեջ չդնելու համար։ Բայց ո՛չ, «պայմանավորվածություններ» կան։

Գրիգոր Գալստյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ