27 03 2020

Զգուշացե՛ք վարչապետի խոսնակից․ նա կարող է ոստիկան ուղարկել ձեր հետևից․ Politik

Զգուշացե՛ք վարչապետի խոսնակից․ նա կարող է ոստիկան ուղարկել ձեր հետևից․ Politik

Politik.am-ը գրում է․ «Երեկ մենք գրել էինք, որ Գյումրիում 70-ն անց քաղաքացի էր մահացել։ Ըստ նախնական սիմպտոմների՝ տարեց տղամարդը կասկածվել է կորոնավիրուսով վարակված լինելու մեջ։ Քաղաքացու դիակը տեղափոխվել էր «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ։ Մեր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ լաբարատորիայում չեն դիահերձել մահացածին և հրաժարվել են մարմինը հանձնել հարազատներին, քանի դեռ Երևանից փորձաքնության արդյունքները չեն ստացվել։ Ըստ մեր աղբյուրի՝ Երևանից նաև հատուկ արտահագուստ պետք է հասցնեին դիահերձող բժիշկներին՝ հնարավոր վարակումը կանխելու համար։

Մենք նաև կապ էինք հաստատել «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի հետ։ Այստեղից մեր տեղեկատվությունը հաստատեցին։ Բժիշկ Մելիքյանի տեղեկացմամբ՝ կա հանգուցյալ, որին կասկածում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, բայց վերջնական հաստատումը դեռ չեն ստացել։

Արտառոց ոչինչ չկա այն բանում, որ պարետատունը հերքեց տեղեկատվությունը՝ վստահեցնելով, որ քաղաքացին կորոնավիրուսից չի մահացել, այն դեպքում, երբ դեռ դիակից վերցված փորձանմուշի պատասխանները հայտնի չէին, այս պահին ևս  այդ արդյունքները չեն հրապարակվել։ 

Այս պատմության մեջ արտառոցն այն էր, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կապ է հաստատում մեզ հետ և պահանջում հեռացնել հրապարակումը, այն դեպքում, երբ օրենքով ինքը նման իրավասություն չունի։ Լսելով մեր կողմից մերժում՝ Գևորգյանը հայտարարում է, որ կարող է մեզ տուգանել 500 հազար դրամով։ Այս դեպքում ևս վարչապետի մամուլի խոսնակին բացատրվում է իր լիազորությունները, ըստ որի՝ ինքը որևէ մեկին տուգանելու իրավունք կամ լիազորություն չունի։ Ավելին, եթե անգամ ունենար էլ, չէր կարող այս դեպքով նման որոշում կայացնել, քանի որ մենք հրապարակել էինք պարետատան հերքումը։ 

Վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակը միայն տուգանքով բավարարվողը չէր, երբ մեզնից լսեց պատասխան, որ մեզ համար ընդունելի կարող է լինել միայն պարետատան պաշտոնական հերքումը, իսկ մնացած հերքումները (առողջապահության նախարարության մամուլի խոսնակ, Գյումրու բժշկական կենտրոն) մենք կարող ենք անգամ չհրապարակել, իսկ եղածներն էլ հեռացնել, վարչապետի մամուլի խոսնակը հայտարարեց, թե այդ դեպքում ոստիկաններ կուղարկի մեզ մոտ։ 

Սա, իհարկե, աննախադեպ վերաբերմունք է երկրի ղեկավարի մամուլի խոսնակի կողմից, բայց դժվար ժամանակներում ենք ապրում, ու ինչպես արդեն հասկանալի է, վարչապետի բախտը չի բերում խոսնակների հարցում։ Նրա խոսնակները ոչ միայն չեն կարողանում աշխատանքային հարաբերություններ պահպանել լրատվամիջոցների հետ, այլև իրենց ինքնագործունեությամբ վնասում են վարչապետի՝ առանց այն էլ երերացող հեղինակությանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ