Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ահազանգեր են ստանում կոմունալ ծախսերի մասին: Նա նշեց, որ օրավարձով ապրող մարդիկ այսօր չեն աշխատում, նրանք միջոցներ չունեն կոմունալ վճարումներն անելու համար: Մարուքյանը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է աջակցել այդ մարդկանց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տրվող աջակցությունը պետք է լինի հասցեական, հակառակ դեպքում նաև շահում են մարդիկ, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն. «Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, անելու ենք հանրային միջոցներով: Հետո մենք պետք է հաշվետվություն ներկայացնենք, թե ինչպես ենք այդ միջոցները ծախսել»:
Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, Փաշինյանը հայտարարեց, որ տեսակետ կա, թե դրանք պետք է հետաձգել: Նա նշեց, որ մարդիկ կան, օրինակ պետական աշխատողները, լավ ապրողները, ում կոմունալ վճարումները հետաձգելու իմաստ չկա: Այստեղ ևս պետք է հասցեական որոշումներ լինեն:
Փաշինյանը հայտարարեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու: Նման պայմանավորվածություն եղել է նաև «Գազպրոմի» հետ: Միևնույն ժամանակ Փաշինյանը կոչ արեց, որ հնարավորություններ ունեցողները չուշացնեն վճարումները, քանի որ դրանով վատ վիճակում են դնում նրանց, ովքեր իրոք չեն կարող վճարել: Պետք է մտածել նաև այն ընկերությունների մասին, որոնք այսօր հայտարարել են, որ անջատումներ չեն լինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը