24 03 2020

Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը հասել է անմարդկային մի եզրագծի․ Panorama.am

Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը հասել է անմարդկային մի եզրագծի․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Այս օրերին ամենից հաճախ հնչող արտահայտություններից  է միավորվելու և համավարակը համատեղ ուժերով  հաղթահարելու կոչը։  Այսինքն, բոլորի, և  հատկապես պետական բոլոր կառույցների առաջնահերթությունները պետք  է  լինեն  կորոնավիրուսի հետ կապված  պրոբլեմների լուծումները։

Այս առումով անգերազանցելի օրինակ են  բժիշկներն  ու  բոլոր բուժաշխատողները , ում հայտնում ենք  խորին շնորհակալություն և խոնարհում։ Եվ Հայաստանի, և՛ ողջ աշխարհի բժիշկներն ապացուցեցին, որ Հիպոկրատին տված իրենց երդումը սոսկ ընդունված  ավանդույթ չէ, այլ իրական պատասխանատվության ստանձնում։

Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից հետո, 7-8 օրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվեց մոտ 400 միլիոն դրամ։ Մեկ-երկու օրում 2000 կամավորներ հավաքագրվեցին սոցիալապես անապահով  մարդկանց ու տարեցներին օգնություն ցուցաբերելու համար։ Նոր կոչի դեպքում նրանց թիվն, անկասկած, կավելանա։ Նրանց ևս խորին շնորհակալություն։

Իսկ ի՞նչ են անում իրավապահները։  Ոստիկանությունն, օրինակ,  ստիպում է ԶԼՄ-ներին հեռացնել իբր խուճապ առաջացնող հրապարակումներ․․․ հետաքրքիր է, որևէ  հայ խուճապահար եղա՞վ այն լուրից, որ հոլիվուդյան ինչ-որ դերասան վարակվել է Կանադայի վարչապետի կնոջից։   Ողջ աշխարհի լուրերը  հեռախոսից կամ համակարգչից  իմացող առնվազն երևանցիների  մեծ մասի համար անհասկանալի են մամուլի հրապարակումների սահմանափակումները։ 

Կամ հենց հիմա քրեական հետախուզում է հայտարարվել  Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Ուշադրություն շեղելու  հերթական փո՞րձ է։ Ո՞ւմ է պետք հիմա Գագիկ Բեգլարյանը․ հաստատ ոչ կորոնավիրուսից  պաշպանվող ազգաբնակչությանը։

Դատախազությունն էլ  մարտի 23-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել  «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանքից ազատելու  մարտի 11-ի որոշման դեմ։ Կարելի է մտածել,  Հայաստանի  պրոբլեմը հիմա Արմեն Թավադյանին ևս մի քանի ամիս կալանքի տակ պահելն է։  Լրջանալ է պետք  վերջապես, ինչքա՞ն կարելի է շինծու գործերով ծանրաբեռնել պետական լուրջ կառույցները։ Արտակարգ դրության պայմաններո՞ւմ  էլ պիտի շարունակվեն քաղաքական հետապնդումները։

Իհարկե, սրանք  անմեղ խաղեր են այն ամենի համեմատ, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Սովորաբար երեքշաբթի օրերին էր դատավոր Աննա Դանիբեկյանը  նիստ նշանակում։ Մարտի 17-ից  անհայտ է ամեն ինչ։ Տիկինը վիրահատվել է, բայց անգամ իր աշխատակազմում չգիտեն, թե որքան կձգվի բուժումը։ Իսկ  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մերժում  է փաստաբան Հովհաննես Խուդոյանի դիմումը՝  Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։

Փաստաբան   Հայկ Ալումյանի խոսքերով․ «Հիմա մենք հայտնվել ենք մի անորոշ վիճակում։ Ունենք խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություն և ընդհանրապես չգիտենք, անգամ մոտավորապես մեկ շաբաթի՞ց, մեկ ամսի՞ց, թե՞  մի քանի ամսից այդ միջնորդությունը կարող է քննարկվել»։

Որևէ մեկը կարո՞ղ է նորմալ համարել այս իրավիճակը։  Նման է  «Տիտանիկ» ֆիլմի այն հատվածին, երբ նավը խորտակվում է, իսկ ինչ-որ մի հիմարի քմհաճույքով ձեռնաշղթաներով ձողերին գամված հերոսը փորձում է փրկվել ջրից։ Եթե որևէ մեկի համար ընդունելի է, թող ինքն էլ հայտնվի այդ «երանելի» վիճակում։

Արդեն սպառվել են իրավական բոլոր հնարավոր բացատրությունները, սպառվել են  անգամ քաղաքական հետապնդման անթույլատրելի մեթոդները, գործը հասել անմարդկային մի եզրագծի՝ հիվանդ  է  ամբաստանյալը, հիվանդ է դատավորը․․․ հետո՞։ Մարդիկ, ովքեր ներգրավված են այս մարազմի մեջ, չե՞ն  գիտակցում, որ տրորել-անցել են մարդակայնության բոլոր սահմանները։  ԲԴԽ-ի դատավորները  ոչ մի երդում չե՞ն տվել պաշտոնները ստանձնելիս, թե՞ աթոռին նստելուն պես այն մոռացել են։   

Իսկ մարդկայնությունը դեռ ոչ ոք չի վերացրել։ Հենց այս սադիզմի  կողքին՝  իրենց կյանքը վտանգելով այսօր մարդկայնության  ամենժամյա օրինակն են  ցույց տալիս մեր բժիշկները։  Աստված տեսնում է ամեն ինչ»։

 Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ