23 03 2020

Արցախի հարցի լուծման վերջին փամփուշտը ես եմ կրակելու․ Վիտալի Բալասանյան



Tert.am-ը գրում է․ «Դեռևս հունվար ամսին, երբ կորոնավիրուսը ամբողջ աշխարհում տարածվեց, մենք աշխատանքային խումբ ստեղծեցինք, որպեսզի քննարկումների արդյունքում հասկանանք արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ  Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ Արցախում էլ պետք է արտակարգ դրություն հայտարարել․ «Հայաստանի հետ լինելով մի տարածք՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելը ևս անհրաժեշտություն է, որը կբարձրացնի մեր ժողովրդի զգոնությունը»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախում նախընտրական քարոզարշավի օրերին արտակարգ դրություն հայտարարելը, Վիտալի Բալասանյանն ասել է․ «Այս պայմաններում ինձ համար առաջնային է իմ ժողովրդի, իմ ու ընտանիքի առողջությունը, քան պաշտոն ստանալը։ Իսկ ընտրությունները հետաձգելն իշխանությունների որոշումն է, որի կողմնակիցն եմ ես»։

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ իր համար շատ ավելի կարևոր է նաև իր զինվորների անվտանգությունը, քան գեներալի ուսադիր ստանալն ու կրելը։

Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ քարոզարշավի ընթացքում իրենք ամեն կերպ հետևում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ քայլերին։

Խոսելով Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին՝ Վիտալի Բալասանյանը նշել է․ «Կա մի պարզ պատճառ՝ ցանկանում եմ իմ լուման ներդնել քաղաքական գործընթացներում։ Ես հաղթանակ եմ բերել Արցախի ազատագրման շարժմանը, այն պետական սահմանները, որոնք այսօր գոյություն ունեն, դրանցում իմ ներդրումն եմ ունեցել»։

Ըստ Բալասանյանի՝ իր հայրենիքին զինվորագրվելը պարտադիր պայման էր։

Անդրադառնալով Արցախի հարցին ու դրա շուրջ Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը՝ Վիտալի Բալասանյանը նշել է․ «Ես վստահ եմ, որ Արցախի հարցի լուծման վերջին փամփուշտը ես եմ կրակելու։ Արցախի քաղաքական իշխանությունը Հայաստանի իշխանությունը տվել է այն իրավունքը, որ Արցախի հարցի շուրջ Հայաստանը վեր հանի այն տեսլականները, որոնք նաև նախկինում են եղել՝ նպատակը՝ Արցախը, որպես լիիրավ կողմ պետք է նստի բանակցությունների սեղանին»։

Ըստ Բալասանյանի՝ մինչև հիմա անհասկանալի է՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ նպատակով են ասում՝ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին․ «Ես այդպես էլ հակափաստարկ չստացա, երբ ասում էի Ալիևի հետ վերելակային հանդիպմանը փաստաթուղթ է փոխանցվել Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում Ժնև-Վիեննա-Սանկտ-Պետերբուրգ փաստաթուղթը ի չիք դարձավ»։

Վիտալի Բալասանյանը նշել է նաև, որ ինքը խնդրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին զերծ մնալ այն փաթեթից, որն այսօր դրված է բանակցային սեղանին։

Հաղորդման վերջում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությունից՝ Վիտալի Բալասանյանն ասել է․ «Ես Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ եմ անցել ու մի բան էլ՝ ես որևէ մեկի հանցագործությունները պարտակող չեմ։ Այն, ինչ ասել եմ նախկինում, հիմա էլ կասեմ՝ կա մեղադրվող Ռոբերտ Քոչարյան և կան մեղադրողներ՝ ի՞նչ գործ ունեն դատարանում նստած մի խումբ մարդիկ այդ դատավարությանը»։

Վիտալի Բալասանյանի դիտարկմամբ՝ կգա ժամանակ, որ բոլորը կծիծաղեն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանն առաջ քաշված հոդվածի վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ