23 03 2020

Համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է. Արտակ Զաքարյան

Համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է. Արտակ Զաքարյան

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է աշխարհում կորոնավիրուսի էպիդեմիային և նշել, որ կորոնավիրուսային էպիդեմիայի ու նրա դեմ պայքարի ողջ ընթացքում ի հայտ են գալու մարդկության ուժեղ և թույլ կողմերը, նրա ստեղծած պետական, սոցիալական և ավանդական ինստիտուտների ամրությունը և գործունակությունը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է.

Կորոնավիրուսային էպիդեմիայի ու նրա դեմ պայքարի ողջ ընթացքում ի հայտ են գալու մարդկության ուժեղ և թույլ կողմերը: Նրա ստեղծած պետական, սոցիալական և ավանդական ինստիտուտների ամրությունը և գործունակությունը: 

Պատճառներ չկան չհավատալու, որ աշխարհը (և մենք) չենք հաղթահարելու կորոնովիրուսային էպիդեմիան: Նաև կարելի է հավատալ, որ հերթական համաշխարհային ճգնաժամից հետո աշխարհը դառնալու է ավելի ուժեղ ու խելամիտ: Հավանական է, որ քաղաքականության մեջ և ԶԼՄ-ներում ավելի շատ ի հայտ կգան ռեալիզմի, առողջ բանականության և պրոֆեսիոնալիզմի կողմնակիցները: Արդյունքում քաղաքականությունը կձերբազատվի բոլոր տիպի պրոգրեսիվ դիլետանտներից ու խելապակաս խմբավորումներից: Միջազգային վերլուծականները նշում են նաև ապագա աշխարհում պոպուլիզմի ու մանիպուլյատորների քաղաքական «անհետացման» մասին:

Կրիտիկական իրավիճակները, որպես կանոն, ոչ միայն չեզոքացնում են վտանգները, այլև թույլ են տալիս այլ կերպ վերաբերվել երևույթներին: Կորոնավիրուսն այսօր մարդկության համար, հանդես է գալիս որպես ապագայի սոցիալական ազգանշան՝ հասականալու թե ի՞նչն է կարևոր, ի՞նչն է բալաստ և ի՞նչն է վտանգավոր: Որպես կանոն, համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է:

Կորոնավիրուսային էպիդեմիայի ու նրա դեմ պայքարի ողջ ընթացքում ի հայտ են գալու մարդկության ուժեղ և թույլ կողմերը: Նրա ստեղծած պետական, սոցիալական և ավանդական ինստիտուտների ամրությունը և գործունակությունը: Օրինակ՝ Եվրամիությունը, ապագայում պետք է կարողանա վերահաստատել իր գոյության իմաստը: Էպիդեմիայի առաջին օրերը Եվրոպայում ցույց են տալիս, որ ԵՄ-ն որպես կառույց չգործեց այնպես, ինչպես ակնկալվում էր: Բոլոր տիպի խնդիրները մնացին ազգային կառավարությունների ուսերին և հիմա ԵՄ յուրաքանչյուր երկիր իրավիճակից փրկվում է ինքնուրույնաբար՝ ինչպես կարող է:

Էպիդեմիայի առաջին օրերին միջազգային մամուլն ակնկալում էր, որ ԱՄՆ-ը կստանձնի աշխարհը ստեղծված իրավիճակից դուրս բերելու առաջամարտիկի դերը, սակայն այսօր ԱՄՆ-ի հակահամաճարակային գործողությունները սահմանափակվում են միայն սեփական տիրույթում, ու դեռ պարզ չէ, թե որքանով այն արդյունավետ և օրինակելի կարող է լինել:

«Մեծ յոթնյակ»-ը դեռևս ընկղմված է սեփական պրոբլեմների մեջ և դեպի մնացյալ աշխարհը ձեռք մեկնելու քաղաքական ու տնտեսական պոտենցիալ առայժմ չի ցուցաբերում: Հատկանշական է այն հանգամանքը, որ համաճարակի բարդ փուլում գտնվող Իտալիային օգնության է շտապում ոչ թե ՆԱՏՕ-ի գործընկերներից որևէ մեկը, այլ Չինաստանը և Ռուսաստանը:

Դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի կորոնավիրուսի ազդեցությունը հասարակության բնականոն կյանքի վրա: Նշվում են տարբեր ժամկետներ: Բայց, որ համաճարակը հաղթահարվելու է, և մենք հայտնվելու ենք «նոր աշխարհի կառուցման» ճանապարհին, որտեղ փոփոխվելու և վերանայվելու են շատ բաներ՝ փաստ է: Մարդու և պետության համար անհրաժեշտություն են դառնալու գաղափարական, արժեքային, քաղաքական, տեխնոլոգիական, սոցիալական, հոգևոր-մշակությանին, տնտեսական, էկոլոգիական, էներգետիկ և կոմունիկացիոն առաջնահերթությունների վերաբերյալ նոր արժևորումները:

Վերանայման են ենթարկվելու ընտանիքի կենցաղային ծախսերից սկսված մինչև կենսառեսուրսային, անվտանգային, կիբեռհամակարգային, տնտեսական և գլոբալ համագործակցությանն առընչվող այլ հարցերը: Իսկ քաղաքական ամենակարևոր հատկանիշները դառնալու են որոշումների կայացման արագությունը, հիմնավորվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Մարդկության մեծամասնությունն էպիդեմիայից դուրս են գալու մարդու, բնության և հավատքի վերաբերյալ նորացված, ճշգրտված ու կշռադատված հայացքներով: Այսինքն՝ տեղեկատվական պրեսսինգի և ամենօրյա վազքի մեջ գտնվող ժամանակակից սպառողական հասարակության գիտակցական մակարդակն էական փոփոխությունների է ենթարկվելու: Հետևաբար, շատ բարդ է լինելու մանիպուլացնել և հեշտությամբ կառավարել մարդկանց գիտակցությունը: Ժողովրդավարական տրանզիտներին փոխարինելու են գալու պետության ու կառավարությունների նկա տմամաբ սեփական քաղաքացիների պահանջատիրության նոր սոցիալական ալիքները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ