20 03 2020

Արտակարգ դրությունը խախտողների համար պատիժ սահմանող փոփոխություններն ընդունվեցին

Արտակարգ դրությունը խախտողների համար պատիժ սահմանող փոփոխություններն ընդունվեցին

ԱԺ-ն մարտի 20-ի հրատապ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթին։

Կողմ քվեարկեց 102, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Երկրորդ ընթերցումը նշանակվեց երկուշաբթի ժամը 11–ին։

Փոփոխություններով սահմանվում է, որ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, ինչպես նաեւ լրացվում է 11-րդ մասը, հետեւյալ բովանդակությամբ. «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։

Քրեական օրենսգրքում լրացում է կատարվում 277.1 հոդվածում. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ