19 03 2020

Պաշտոնակա՞ն է, թե՞ հեքիմի կարծիք

Պաշտոնակա՞ն է, թե՞ հեքիմի կարծիք

Հայաստանում արտակարգ դրության պատճառով լրատվամիջոցները պարտավոր են տալ միայն պաշտոնական տեղեկատվություն, այլապես գործ կունենան ոստիկանության հետ, տույժ-տուգանքների հետ։

Դա, մեր կարծիքով, ազատ խոսքը սահմանափակելու անթույլատրելի միջոց է, բայց այս պահին մեր խոսքը դրա մասին չէ։

Կառավարությունում գործում է տեղեկատվության միասնական կենտրոն, որտեղ մշտապես ասուլիսներով են հանդես գալիս կառավարության տարբեր օղակների ներկայացուցիչներ և նշում են կորոնավիրուսով պայմանավորված ոլորտային իրավիճակը։ Եվ եթե չես կարող մասնակցել ասուլիսի, իրենց ֆեյսբուքյան էջում կարող ես հաղորդագրություն թողնել, որպեսզի փոխանցեն բանախոսին։

Մարտի 19-ին, կառավարության նիստից հետո, ասուլիսով էր հանդես գալիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ֆեյսբուքով ուղարկեցի հետևյալ հարցը․ «Հարգելի պարոն նախարար, քանի որ կորոնավիրուսի վերաբերյալ, այդ թվում՝ բուժման մեթոդների վերաբերյալ լրատվամիջոցները պետք է օգտվեն բացառապես պաշտոնական տեղեկություններից, հղում անելով վարչապետին՝ ուզում ենք իմանալ՝ «եղնջի կծելը» օգտակա՞ր է կորոնավիրուսի համար, թե՝ ոչ, որպեսզի մեր ընթերցողներին լուսաբանենք բուժման այս մեթոդի մասին»։

Հիշեցնենք, որ իր ընտանեկան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա օգտակար է։ Քանի որ վարչապետի ուղիղ եթերներին քիչ մարդ չի հետևում, ուրեմն պետք է հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ ինֆորմացիա է փոխանցվում։

Տեղեկատվական կենտրոնից պատասխանեցին, որ հարցը հերթագրված է, սակայն այդպես էլ չհնչեց ասուլիսի ընթացքում։ Ու պատճառն այն չէ, որ իմ հերթը չհասավ, որովհետև 10։50 հայտարարվել է ասուլիսի մասին և առաջին հարց ուղարկողներից մեկը եղել եմ հենց ես։

Հիմա կամ Արսեն Թորոսյանին նախապես տեղեկացրել են հարցի մասին և նա պատասխանել է, որ ամոթ է, ինքնաբուժության ապուշ մեթոդներով պետք չէ հանրությանը շեղել, կամ հենց տեղեկատվական կենտրոնում են որոշել խնայել վարչապետին։

Տեղեկատվության միասնական կենտրոնն ինչո՞ւ թույլ չի տալիս հանրությանը՝ տեղեկանալու, թե որ մեթոդներն են օգտակար կամ որ մեթոդներն են, որոնց պետք չէ դիմել։ Մեր երկրում դեռ կան Նիկոլ Փաշինյանին հավատացողներ և գուցե հիմա՝ դեռ գարունը նոր-նոր բացված, գլուխ են ջարդում եղինջ գտնելու համար, որ իրենց ծակի՝ չհիվանդանան։

Հիմա տեղեկատվական կենտրոնին պե՞տք է վստահել, թե՞ ոչ, գուցե ֆեյքերի ֆաբրիկա՞ն է տեղափոխվել այնտեղ։

Ի դեպ, անհասկանալի է՝ վարչապետի ուղիղ եթերով հայտարարությունները պաշտոնակա՞ն են, թե՝ ոչ։ Օրինակ, երբ վարչապետը ասում է, որ պետությունները թաքցնում են կորոնավիրուսի վերաբերյալ՝ իրենց երկրի իրական թվերը, դա պաշտոնական հաղորդագրությո՞ւն է, թե՝ ոչ կամ որ եղինջը, փիփերթը, գինին բուժում է կորոնավիրուսը, դա պաշտոնակա՞ն է, թե՞ հեքիմի կարծիք։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ