Tert.am-ը գրում է․ «Մտածում եմ՝ Արցախի համար կարող եմ անել այն, ինչ ոչ ոք չի կարող անել, որովհետև ես ոչ մի թելով կապված չեմ ո՛չ նախկին իշխանություններին, ո՛չ ներկա, ո՛չ էլ օլիգարխներին։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախում նախագահի թեկնածու Բելլա Լալայանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններին իր առաջադրմանը։
Բելլա Լալայանի համար առաջնայինը Արցախի սահմանային խաղաղությունն է և ոչ մեկը իրեն չի կարող պարտադրել՝ ինչպես վարվել Արցախի հարցում։
Բելլա Լալայանը, անդրադառնալով լրագրողական գործունեության մեջ իր «պարտությանը», նշել է․ «Տասը տարի ես հեռուստատեսությունում ու ռադիոյում պայքարում էի լրագրողի անկախության համար, բայց վերջում ապացուցեցի, որ ինձ ոչ ոք չի կարող կաղապարել»։
Հարցին՝ Դուք «մարտի դաշտից» դուրս եկաք Ձեր գրառման համար և ինչպիսի՞ ճնշումներ էին Ձեր նկատմամբ գործադրում, Բելլա Լալայանը պատասխանել է․ «Լինելով Կառավարության աշխատակից՝ ես քննադատեցի ՀՀ իշխանությանը, երբ տեսա՝ ինչպես են Արցախի նախկին և ներկա նախագահները Քոչարյանի գործով կանգնել դատարանում։ Այդ տեսարանը ես չմարսեցի, որովհետև արդեն համը դուրս էր եկել»։
Ըստ Բելլա Լալայանի՝ այդ տեսարանը ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում․ «Ինձ համար անընդունելի է իմ երեք նախագահներին տեսնել դատարանում՝ որևիցե հստակ մեղադրանքի»։
Բելլա Լալայանի խոսքով՝ երեք նախագահներին դատարանի նիստերի դահլիճ հասցնելը պետական խորհրդանիշի ոտնահարում է։
Նա նաև նշում է, որ իր համար մինչև հիմա անհասկանալի է՝ ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ․ «Դուք ինձ ցույց տվեք մի երկիր, որտեղ խուժանը փորձի հասարակական կարգ խախտել և երկրի իրավապահ մարմինները չմիջամտեն»։
Դիտարկմանը՝ կասեն խուժան չէին, այլ ընդդիմությունն էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Բելլա Լալայանը նշել է, որ նշանակություն չունի՝ ով է, երբ խանութներ են կոտրում ու մեքենաներ են շրջում դա խուժանություն է։
Բելլա Լալայանը նշում է, որ Արցախում բոլորը գիտեն՝ Ռոբերտ Քոչարյանն ինչեր է արել Արցախի համար, պարզապես վերջին տարիներին նախագահի ու արցախցիները կապը որոշակի չափով սառեցվեր էր։
Բելլա Լալայանը հիշեցնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ է եղել Արցախում ու իր համար նա երբեք չի եղել հաղթանակած նախագահ․ «Նա գերագույն գլխավոր հրամանատար էր, բայց երբևէ մարտի դաշտում եղե՞լ է, սահմանին եղել է՞»։
Խոսելով մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից՝ Բելլա Լալայանը նշել է․ «Փոփոխությունները պետք էին, քանի որ ինչ-որ մի ուժի կողմից իշխանությունն անընդհատ պահելը երկիրը չի տանում զարգացման, այլ գնում են՝ լճացման։ Սակայն հարց է առաջանում՝ այդ փոփոխություններն ու՞ր տարան Հայաստանը»։
Բելլա Լալայանի դիտարկմամբ՝ Արցախում ևս ոգևորված էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից․ «Երբ ասացին՝ մեր հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակը, ես ո՞նց կարող եմ նման հայտարարություն անող իշխանություն բերած փոփոխություններից ոգևորվել»։
Ըստ Բելլա Լալայանի՝ այն ինչ կատարվում է Հայաստանում, իր ազդեցությունն ունի նաև Արցախի վրա, քանի որ այստեղից հետո որոշակի գործողություններ կարող են տեղի ունենալ Արցախում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը