10 03 2020

308 000 դոլարի պարգևատրում 1 տարում՝ Լոռու մարզպետարանում․ Yerkir.am

308 000 դոլարի պարգևատրում 1 տարում՝ Լոռու մարզպետարանում․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի  անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 - 31.12.2019 թթ., այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ 2018 թ. մայիսից մինչ տարեվերջ ընկած հատվածում ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակիցներին 2 հոդվածներով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» և «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ») տրվել է 34.362.400 դրամ պարգևավճար:

2019 թ. արդեն հիշյալ երկու հոդվածներին ավելացվել է ևս մեկը («Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»), ինչի շնորհիվ էլ նույն տարում պարգևավճարների թիվը շեշտակի աճել է՝ դառնալով 147.035.200 դրամ:

Այսինքն՝ 09.05.2018 - 31.12.2019 թթ., այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք,  Լոռու մարզպետարանում վճարվել է 181.397.600 ՀՀ դրամ կամ շուրջ 380 հազար ԱՄՆ դոլար:

Այստեղ, սակայն, կրկին աչքի զարնում արտառոց մի երևույթ. 2018 թ. հաստատված բյուջեով (այն է՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հաստատված չափորոշիչներով) մարզպետարանի ամսական պարգևատրումների ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 4.300.000 դրամ, տարեկան՝ մոտ 51.600.000 դրամ:

2019 թ. պարագայում, ինչպես տեսանք, պարգևավճարների թիվը Լոռու մարզպետարանում կազմում է 147.035.200 դրամ, ինչը մոտ 3 անգամավելի է «Սերժի տխրահռչակ վախտվա» պարգևավճարի թվից:

Օրեր առաջ անդրադարձել էինք  նաև Արարատի մարզպետարանի պարգևավճարներին՝ կրկին փաստելով, որ 2018 թ., այն է՝ նախորդ իշխանությունների օրոք 1 հոդվածով հաստատված 32.327.600 դրամ պարգևավճարի փոխարեն՝ 2018 թ. դեկտեմբերի 27-ին (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք)  հաստատված 2019 թ. բյուջեում արդեն 2 հոդվածներով հաստատված պարգևատրման գումարը կազմել էր 117.060.070 ՀՀ դրամ: 

Ըստ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման՝ Լոռու մարզպետարանի հաստիքների առավելագույն թիվը 133 է, Արարատինը՝ 129 (մեր զանգին ի պատասխան՝ նշեցին, որ Արարատի մարզպետարանի աշխատակիցների թիվն այս պահին 133-ն է):

Այստեղ ևս մի հետաքրքիր երևույթ ի հայտ եկավ. «բյուջեն անխնա տնտեսող» և նախորդներին նույնքան անխնա մեղադրող ներկայիս իշխանությունները աշխատակիցների նույնական թիվ ունեցող մարզպետարանների համար մի դեպքում 2019 թ. հաստատել և ծախսել են 147.035.200 ՀՀ դրամ (Լոռի), մեկ այլ դեպքում՝ 117.060.070 ՀՀ դրամ (Արարատ). անտրամաբանական տարբերությունն ակհայտ է:  

Ստացվում է, որ Լոռու մարզպետարանի պարագայում ևս, «հեղափոխական» իշխանությունները, բացի «Սերժի վախտվա» տարեկան 51 միլիոն դրամը, լրացուցիչ հոդված ավելացնելու միջոցով պետական բյուջեից հաճույքով ըմբոշխնել են ևս 95 միլիոն դրամ կամ շուրջ 200.000 ԱՄՆ դոլար կազմող յուղալի պատառը՝ «տնտեսական հեղափոխության», «ներդրումների բումի» և «երջանիկ քաղաքացու» կերտման տարում՝ 2019 թվականին, ընդհանուր առմամբ վայելելով շուրջ 308.000 $ պարգևավճար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ