7or.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ պատմության մեջ է ընկել։ Մետրոյում։ Ժողովրդի հետ շփվելիս։ Նա յուրօրինակ ապտակ է ստացել «իր» օջախի անդամից։
Նիկոլը հանդիպել է Նյուտոնի 3–րդ օրենքին։ Նրա վրա «հպարտ քաղաքացու անձնագիր» պոպուլիստական անունը կրող բուկլետի կտորներ են նետվել։ Նետել է մի աղջիկ, որն իրական, այլ ոչ թե Նիկոլի կողմից որպես ստրուկ ընկալվող հպարտ քաղաքացի է։ Իրական դուխի տեր։
Այդ ակցիան շատ խորհրդանշական էր, քանզի տեղի ունեցավ մետրոյում։ Հեղափոխության օրերին նույն այդ մետրոն երիտասարդ աղջիկներն ու տղաները փակում էին ու պառկում վագոնների դռների արանքը՝ հավատալով Նիկոլի կոչերին ու հույս ունենալով, որ լավ է լինելու։ Նիկոլը խաբեց այդ աղջկան ու մյուսներին, մսխեց հեղափոխության արդյունքները և ձեռքը տարավ դեպի պետական բյուջեն՝ ոչ պակաս մսխելով նաև այն։ Ու հենց մետրոյում նրան այդ ամենի համար «ապուսկատ» արեցին։ Արժանի՛ էր։
Իսկ ի՞նչ է ասում Նյուտոնի 3–րդ օրենքը։ Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում կամ այլ կերպ ասած՝ երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ատելություն է քարոզում, էպատաժային քայլեր անում հնդկական սերիալի սիրահարների արտասուքը քամելու համար, ռեալիթի շոու է ապահովում, ապա ստանում է համարժեք հակազդեցություն։
Նիկոլի վրա բուկլետի պատառոտված կտորները հայտնվել են Նյուտոնի հայտնաբերած օրենքի համաձայն։ Ֆիզիկայի օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ։ Հեռու չես փախչի։
Եթե Նիկոլը, «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսի ներքո, հանրությանը բաժանում է սևերի ու սպիտակների, ապա պետք է պատրաստ լինի «սևերից» կամ ավելի ճիշտ՝ գունավորումներից դուրս քաղաքացիներից ռեակցիայի արժանանալ։
Եթե նորմալ պայմաններում գտնվեինք, ապա այդ աղջկա քայլը միանշանակ պետք է արժանանար բացասական վերաբերմունքի։ Բայց մենք աննորմալ պայմաններում ենք հայտնվել։ Վարչապետը գլխավոր համաճարակաբանից մինչև բուկլետ բաժանող, դատախազից մինչև շոումեն, էժանագին սերիալի դերասանից մինչև քաղաքապետ է աշխատում։ Այսինքն՝ զբաղված է ամեն ինչով, բացի վարչապետի բուն պարտականություններից։ Ուստիև աղջկա քայլը շատ նորմալ ու բնական էր։ Դա քաղաքացիական գիտակցության դրսևորում էր։ Ոչ ֆուտուրիստական պերֆորմանս։ Հակառակ իմաստով՝ նիկոլություն։
Նիկոլի համար Հայաստանն իր բոստանն է, «հպարտ» քաղաքացիներն՝ իր բոստանում բանող ստրուկները։ Նա հպարտ քաղաքացուն «լայվ» է տալիս, իսկ թիմակիցներին՝ բյուջեյից մսխվող պարգևավճար։ Մարդիկ այդ ամենը տեսնում են, ու ամենքն իր ձևով է պատասխանում։
Նիկոլը պիտակավորում է իր քայլերին ծափ չտվողներին ու հանդես գալիս ժողովրդի անունից, իսկ հաճախ նաև համեստություն է անում ու իրեն համեմատում Հիսուսի հետ։
Աղջիկը ռեակցիա տվեց այդ ամենին։ Տվյալ դեպքում աղջիկը ոչ թե նախկինների, այլ պետական կառավարումը կապիկության հետ չնույնացնող մեր հանրության լայն շերտերի հավաքական մերժման խորհրդանիշն ու մարմնավորումն էր։
Աղջիկը էմոցիոնալ ձևով սթափվելու և կապիկությունները դադարեցնելու, ատելության ու թույնի տարածումը կանգնեցնելու կոչ արեց Նիկոլին։ Նա միգուցե այդքանը չմտածեց այդ պահին, բայց նրա ռեակցիան այդ ենթատեքստն ուներ։ Նրա քայլը շոկային էր Նիկոլի համար ու ամենակարևորը՝ դուխով։
Ի դեպ, մետրոյի միջադեպից հետո Նիկոլն այսօր մի գլխարկով էր քարոզ տանում, որի և՛ դիմացից, և՛ հետևից է գրված «դուխով»։ Այսինքն՝ Նիկոլը հիմա կրկնակի դուխով է դարձել։ Եթե այսպես շարունակվի, ապա նա ամբողջ գլխարկը կպատի «դուխով» գրությամբ։ Ինչքան շատ վախենա, այնքան շատ կգրի այդ անկապ բառը։ Չի բացառվում, որ իր վրա էլ «դուխով» տատու անի։ Մարմնի ոչ բոլոր հատվածներում, իհարկե»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը