Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է մետրոյում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ մի երիտասարդ աղջիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված նախընտրական բուկլետը պատռել էր ու շպրտել նրա ուղղությամբ։ Գրառման մեջ ասվում է.
«Այս իշխանությունը կմնա պատմության մեջ
Երբ բոլորս կսթափվենք, երբ իրերը կկոչենք իրենց անուններով, երբ մեզանից ոչ մեկը չի բարդույթավորվի և ինքն իրեն, ապա նաև բարձրաձայն կխոստովանի, որ ունեցած ակնկալիքներն ու սպասումները (եթե եղել են այդպիսիք) ոչ մի կապ չունեն ներկա իշխանությունների հետ, այդ պահից, և դեռ շատ երկար՝ նրանք կմնան պատմության մեջ:
Կմնան: Կհիշվեն որպես մարդկանց խումբ, որ կարողացավ հետևողականորեն և յուրահատուկ ջանասիրությամբ իր ճանապարհին արժեզրկել հնարավոր ու անհնար ամեն ինչ, այդ թվում՝ հանրային կարծիքը, հանրային քննարկումը և /կամ/ բանավեճը… Սեփական անգործությունը քողարկելու նպատակով՝ կեղծ ու ուշադրություն շեղող օրակարգ ստեղծելու անհագ ձգտումով կարողացավ դեգրադացման աստիճանն ընկալումներում մինուս անվերջի հասցնել: Ափսոսում եմ, որ մետրոյի աղջիկն էլ, բոլորս էլ (ինքս էլ՝ առնվազն այս մասին գրելով), տարբեր պարտադրված էժան ու անորակ առիթներով՝ մաս ենք դառնում այդ քայքայիչ ծրագրի: Վստահ եմ, որ այս ամենի համար ամաչելու ենք: Վստահ եմ…
Տա Աստված, որ հասցնենք սթափվել ու գիտակցել, անգամ՝ ամաչել, երբ կորուստները հատած չեն լինի անդառնալիության սահմանները…
Այս իշխանությունը միևնույն է կմնա պատմության մեջ, պատմությունը բացասականն էլ է պահում, ծայրահեղ բացասականն էլ… Մեր դեպքում, այս ամենի օր առաջ պատմություն դառնալը վաղուց անհրաժեշտություն է դարձել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը