«Դեժավյու» էջը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը «Վիրտուալ արդարություն» «Հայկական ժամանակ»-ում 2012-ի հոկտեմբերի 23-ի գլխագրի ներքո հրապարակել է իր «Պատրաստվենք նոր ավանդույթի» պատգամավորական ելույթը, որում մասնավորապես գրված է.
«ՀՀՌԸ խորհրդի նախագահի չպատասխաններն ստիպում են մտածել ատկատների ռիսկերի մասին մի «պատմական» ժամանակաշրջանում, երբ Սերժ Սարգսյանն առավոտից երեկո «պայքարում» է ատկատների դեմ։ Հենց այս հարցի պատասխանը գտնելուց հետո մենք կկարողանանք պատասխանել ավելի կարեւոր հարցի, թե ինչու ՀՀ հանրային հեռուստաընկերությունը հանրային չէ, եւ ինչու հանրային ռադիոն հանրային չէ։ «CNN»-ի մասին ասում են, որ «CNN»-ը ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի 16-րդ անդամն է։ ՀՀՌԸ-ն ՀՀԿ խորհրդի անդամ է։ Սերժ Սարգսյանը 2008թ. ընտրություններում ասաց` Հայաստանում ամենամեծ պակասը կամ պահանջը արդարության պահանջն է։ Հանրային հեռուստաընկերությունն այս ուղերձը շատ լավ ընկալեց, ու սկսեց հաստատվել վիրտուալ արդարություն։ /Մարդիկ/ հեռուստատեսությամբ տեսնում են այն բաները, որոնք Սերժ Սարգսյանի իշխանությունը խոստանում է ժողովրդին, չի կատարում խոստումներն իրականության մեջ, փոխարենը` կատարում է սերիալային եթերում։ Կոչ եմ անում պատրաստվել նոր ավանդույթների, որոնք կհամապատասխանեն Սահմանադրությանը, օրենքներին, ԱԺ կանոնակարգին եւ, ի վերջո, ՀՀ ազգային անվտանգությանը եւ պետական շահերին»։
«ՀԺ»-ի նույն համարի «Նաջարյանը բարկացել է» խմբագրականում էլ նույն ելույթի ԱԺ-ում առաջացրած արձագանքի հաշվետվությունն է. «ՀՀԿ-ի նյարդերը սկսեցին տեղի տալ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց կոռեկտ լինել։ ՀՀԿ-ականների նյարդային վիճակը իր ամբողջական արտահայտությունն ստացավ Գալուստ Սահակյանի խոսքում. «Միտինգի տեղն ուրիշ է, Ազգային ժողովն` ուրիշ։ Պետությանը չի կարելի ասել ավազակապետություն, պետությունը ժողովուրդն է։ Այլ բան, որ իշխանությանը վերագրեք... Ժողովրդին տարիներ շարունակ դրեցիք, թունավորեցիք, եկել-խցկվել եք ԱԺ, նախագահ եք քննադատում, ՀՀԿ եք քննադատում։ Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ եք անում, ինչո՞ւ եք թշնամություն սերմանում։ Քաղաքական դաշտը մեկն է, ձեր դերակատարության չափով խոսեք»։
Ըստ էության Գալուստ Սահակյանի գնահատականը թավշյա իշխանության ճշգրիտ արտացոլումն է։ ԱԺ խցկվելուց հետո թավիշը ողջ իշխանությունը գրավեց, երկիրն ու ամեն հարթակ վերածեց միտինգի տրիբունայի, ջնջեց կոռեկտության ամեն սահման, շարունակում է պառակտել ու թշնամանք սերմանել, ողջ ժողովրդին է նյարդայնացնում, բայց բոլոր նոր հաշվետվությունները հին հասցեով է ուղարկում։ Հիմա ամեն ինչ է թավշյա ավանդույթով. օրենք, սահմանադրություն, կանոնակարգ, արդարություն չկա, հանրայինն էլ ավելի հանրային չէ, պետական շահն ու ազգային անվտանգությունը CNN-ի նմաններն առանց ՔՊ-ի են որոշում, կոռուպցիայի դեմ պայքարն էլ ինչքան կատաղի է վարվում, այնքան կոռուպցիան էլիտար է դառնում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը