03 03 2020

Սեփական սխալներն Աստվածաշնչով պետք չէ մեկնաբանել․ Արտակ Զաքարյան

Սեփական սխալներն Աստվածաշնչով պետք չէ մեկնաբանել․ Արտակ Զաքարյան

Պետական պաշտոնյայի հանդեպ հարուցվող քրեկան գործերը միշտ չէ, որ դավաճանության կամ սխալ կադրային քաղաքականության արդյունք են: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա գրել է.

«Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի արած «խոստովանությունը» իր կադրային քաղաքականության մասին՝ կարեւոր էր: Այս մասով մի քանի կարճ արձանագրում անեմ.

1. Հիսուս Քրիստոսի հանդեպ աշակերտներից մեկի դավաճանությունը որպես օրինակ բերելը տեղին չէր, այն էլ այդ ոճով: Ոչ ոք իրեն չպետք է թույլ տա Աստծո անունը պարապ տեղը տալու: Եվ սեփական սխալներն Աստվածաշնչով պետք չէ մեկնաբանել, դրա համար գոյություն ունեն կառավարման տեսություններ: Քրիստոս Աստծո եւ քրիստոնեության առաքելությունը կադրային քաղաքականությունը չի եղել: Դավաճանությունն էլ միշտ լինելու է, կախված այն բանից, թե ի՞նչն եք համարում դավաճանություն: Եվ եթե կադրերի մեծ մասն անփորձ կամ դիլետանտ են, ապա նախարարական պորտֆել եւ պատգամավորական մանդատ նրանց տալը պետության հանդեպ ազնվությո՞ւն է, թե «դավաճանությո՞ւն»:

2. Պետական եւ քաղաքական կառավարման մեջ սխալներն իհարկե թույլատրված են, ինչ որ տեղ նաեւ անխուսափելի: Խնդիրը դրանցից հետեւություններ անելու մեջ է: Հուսամ, որ մեկ ուրիշ առիթով Փաշինյանը կխոստովանի, թե ի՞նչ հետեւություններ է արել անձամբ ինքը որպես վարչապետ՝ իր եւ իր թիմակիցների սխալներից, որոնք կարող են նաեւ ճակատագրական լինել: Ժամանակը դա ցույց է տալու:

3. Պետական պաշտոնյայի հանդեպ հարուցվող քրեկան գործերը միշտ չէ, որ դավաճանության կամ սխալ կադրային քաղաքականության արդյունք են: Հիմա էլ կան պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական գործեր հարուցելու հիմքեր չկան, բայց նրանց գործունեության արդյունավետությունը որեւէ կերպ տեսանելի կամ չափելի չէ: Պայմանականորեն ազնիվ, բայց անարդյունավետ կառավարման պարագայում, երբ սպառվում են պետական միջոցները, բայց դրանից որեւէ կերպ չի բարձրանում քաղաքացիների անվտանգությունն ու կենսամակարդակը՝ ժողովրդի 100 տոկոսով վստահության մասի՞ն է խոսում, թե՞ ոչ:

4. Պետության գործունեցության գլխավոր երաշխիքն օրենքն է եւ օրինականությունը: Երբ իրավապահ, կամ այլ համակարգի պետական պաշտոնյան դեմ է գնում օրենքին կամ պետության շահերին, հանգիստ կարող եք նաեւ դավաճանություն փնտրել: Իսկ եթե ղեկավարը սեփական անձի հանդեպ հավատարմությունն է դնում հիմքում, ապա հավատացեք, որ որեւէ մեկին դավաճան անվանելը այլեւս պետության մասին չի խոսում: Դա տանում է թայֆայական կամ կլանային քաղաքական կառավարման:

Եվ վերջում մի մեջբերում անեմ գերմանացի գիտնական Վիլհեմ Շվեբելից.

«Որտեղ սկսվում է նպատակահարմարությունը պետության տեսակետից, այնտեղ սկսվում են քաղաքացիների նկատմամբ կամայականությունները»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ