Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի լրտվության ծառայությունից։
ԱԳ նախարարները գոհունակությամբ ընդգծեցին փոխադարձ հարգանքի եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական երկխոսության առկա մակարդակը: ԱԳ նախարարներն ուղենշեցին երկկողմ օրակարգի առավել հարստացման եւ ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, որոնց հիքում ընկած է երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածության ընկալումը: Բարձր գնահատվեց կողմերի միջեւ հաստատված համագործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի, Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:
Զոհրաբ Մնացականյանը եւ Դավիդ Զալկալիանին կարեւորեցին մարդկանց միջեւ շփումների դյուրացումը եւ հասարակությունների միջեւ կապի ամրապնդումը, որի վերաբերյալ վերջիններիս կողմից ստորագրվեց մտադրությունների հուշագիր:
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային հրատապ հարցերի, նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին:
ԱԳ նախարարներ Մնացականյանը եւ Զալկալիանին քննարկեցին տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խնդիրներ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի գնահատականները եւ դիրքորոշումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը