Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում ենք կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Մենք կսկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանն այս դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը»,- ասաց վարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը