Analitik.am-ը գրում է․ «Օլիգարխ Ջորջ Սորոսի հակապետական գործակալական ցանցը սնվում է ատելությամբ, քաղաքացիական պատերազմներով, ահաբեկչությամբ, սեփական հայրենակիցների արյամբ և, իհարկե, Սորոսի դոլարներով: Ես այս ամբիոնից օլիգարխ Ջորջ Սորոսին մեղադրում եմ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Analitik.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Քիշնևում «Սորոսը և բաց հասարակությունը. գլոբալիզմի մետապոլիտիկան» գրքի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«2016 թվականի հուլիսին Երևանում ահաբեկչական ակտ տեղի ունեցավ: 30 ահաբեկիչներ գրավեցին ոստիկանական բաժին: Նրանք տարբեր ճանապարհներով ֆինանսավորվել ու շարունակում են ֆինանսավորվել Սորոսի հիմնադրամից: Այս պահին նրանց գործով դատական գործընթացը շարունակվում է, որի շրջանակներում փաստաբանական ծառայությունները բաց ֆինասնավորում է Սորոսի ցանցը:
Նրանց հերոսացնում են, գովասանքի խոսքեր ասում, ծափահարում են նաև այն լրատվամիջոցներով, որոնք ուղղակի հիմնադրվել են Սորոսի դրամաշնորհների միջոցով: Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ նրանց հերոսացնող լրատվամիջոցները Հայաստանում հայտարարվեցին բարեգործական կազմակերպություններ, ազատվեցին մի շարք հարկերից: Միևնույն ժամանակ, Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու մասով շատ երկար են մտածում՝ ճանաչել բարեգործական կառույց, թե՝ ոչ: Իսկ ահա ահաբեկիչների աջակիցներին միանգամից բարեգործական ճանաչեցին և ազատեցին հարկերից»,-ասաց Մալյանը:
Խոսելով Սորոսի ցանցի աշխատանքի մասին՝ ՎԵՏՕ-ի ղեկավարը նշեց, որ Հայաստանում այն աշխատում է այնպես, ինչպես Մոլդովայում. «Սորոսականները ցինիկ կերպով ստում են: Գրեթե այն ամենն, ինչ հեռարձակում են, ստոր սուտ է: Նրանք որևէ կապ չունեն դեմոկրատիայի հետ: Խոսքը չի վերաբերում տարբեր երևույթների և փաստերի տարբեր մեկնաբանությանը, ֆրեյմինգին, խոսքը վերաբերում է բացահայտ ստին, որի մասով հրահանգավորում ստանում են իրենց կենտրոնից: Նրանք հրապարակային ատելություն են տարածում: Սա նրանց սիրելի գործիքն է: Սորոսականները թաքնվում են հասարակական կարծիքի ետևում, որը հենց իրենք են ուղղորդում կամ ստեղծում:
Միջավայրում, որտեղ բոլորն ատում են բոլորին, դժվար է գտնել սկզբնաղբյուրը և կոնկրետ մեղավորին, իսկ հրապարակային ատելություն տարածելու համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Դրա համար էլ նրանք թաքնվում են հասարակական կարծիքի ետևում: Կա հասարակական կարծիք, որի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Խմբակային կարելի է գոռալ, շատ վատ խոսքեր ասել կոնկրետ մարդու հասցեին, արդյունքում լինում է խմբակային անպատասխանատվություն: Նրանք վամպիրի նման մահանում են, երբ իրենց բերում են կոնկրետ պատասխանատվության դաշտ»:
Մալյանը նշեց, որ Մոլդովայում նույնպես ազնիվ մարդկանց նկատմամբ հետապնդումների դեպքեր եղած կլինեն․ «Կարծում եմ, որ Մոլդովայում ծանոթ կլինի ազնիվ մարդկանց իրավական հետապնդման վիճակը: Ես արդեն մեկ տարի ապրում եմ սրա հետ: Ես արդեն չեմ հիշում, թե քանի քրեական գործ, քաղաքացիական հայցեր են սորոսականները՝ կոնկրետ սորոսական կանտորայի ղեկավարը ներկայացրել իմ դեմ: Սորոսական կանտորայի ղեկավարն անձամբ անթիվ անգամներ զրպարտել է ինձ:
Սակայն, նույնիսկ սորոսականների նկատմամբ լոյալ մոտեցում ունեցող ոստիկանությունը հիմնականում քրեական գործեր չի հարուցում, բայց կան գործեր, որոնք ընթացք են ստանում: Սորոսականներին վճարում են հորինված քաղաքացիական հայցեր ներկայացնելու համար, դա նրանց աշխատանքն է: Հերթական սուտ մատնությամբ ոստիկանություն կամ դատախազություն դիմելու համար նրանց վճարում են: Սա նրանց աշխատանքն է, իսկ սորոսական ցանցի հետ կապ չունեցող մարդու համար դա գլխացավանք է: Սովորական մարդը նույնիսկ կարող է կորցնել իր ազնիվ աշխատանքը, քանի որ նրան հաճախ տանում են դատարաններ: Նորմալ մարդը նման իրավիճակում իրեն անպաշտպան է զգում»,-ասաց Մալյանը:
ՎԵՏՕ-ի ղեկավարի խոսքերով, ներկայացվում է, թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն անպաշտպան են, սակայն իրականում անպաշտպան են այն մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը, պետությունը, եկեղեցին. «Ահա նրանք են ամենաանպաշտպան մարդիկ: Ի դեպ, այդպես է արդեն աշխարհի բոլոր երկրներում»:
Նարեկ Մալյանը խոսեց նաև Սորոսի հիմնադրամի փակ լինելու մասին. «Որքան էլ որ տարօրինակ է՝ «Բաց հասարակության հիմնադրամն» ինձ հայտնի կազմակերպություններից ամենափակն է: Հիմնական տիկնիկավարները միշտ ստվերում են: Եթե դուք պայքարում եք մարդկանց դեմ, ում համարում եք վերևի շարքի սորոսական, ապա դուք պարտվելու եք: Առաջին շարքում միշտ կանգնած են նրանք, ովքեր չեն խուսափում նույնիսկ ամենակեղտոտ գործերն անելուց: Նույնիսկ, եթե հայհոյես, նրանց համար միևնույն է: Դա նրանց աշխատանքն է: Նրանք գրանտակեր չեն, նրանք գրանտոման են, ովքեր գրանտի դիմաց կարող են վաճառել ամեն ինչ: Եթե գրանտ ուտեին, էլի ոչինչ, սակայն նրանք գրանտոման են: Նրանք Հուդայի նման են, ովքեր կեղտի ու դավաճանության դիմաց ստանում են իրենց 30 արծաթե դրամները: Հիմնական բոսսերը խուսափում են հրապարակայնությունից»:
Ցանցի դեմ պայքարելու համար, Մալյանի խոսքերով, փորձի փոխանակման անհրաժեշտություն կա. «Ես ձեր թույլտվությամբ Երևանում կխոսեմ հրատարակչությունների հետ, որպեսզի այս գիրքը նաև հայերեն տարբերակով ներկայացվի քաղաքացիներին: Սա հիմնարար աշխատանք է, ովքեր սիրում են իրենց երկիրը, գնահատում են իրենց պետությունը»:
ՎԵՏՕ-ի ղեկավարն իր խոսքի վերջում ներկաներին նվիրեց իր գիրքը՝ «Սոդոմի փիառը», որը լույս է տեսել 2014 թվականին. «Գրքում նկարագրվում է այս ցանցի դեմ պայքարի կառուցվածքը: Ես արդեն կարող եմ հայտարարել, որ այս խնդիրն արդեն դուրս է գալիս իմ հայրենիքի, երկրի սահմաններից: Ես կարող եմ սա համընդհանուր խնդիր համարել: Կամ մենք կկորցնենք այն, ինչ ունենք, կամ կոչնչացնենք այս ցանցը: Ես տրամադրված եմ ոչնչացնելուն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը