26 02 2020

ԱԺ-ում լսումները դարձան հերթական դեկորատիվ միջոցառում․ Աշոտյան

ԱԺ-ում լսումները դարձան հերթական դեկորատիվ միջոցառում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Այսօր ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման աշխատանքներին:

Իհարկե, խորհրդարանական վերահսկողությունը կարևոր գործիք է համաձայնագրի արդյունավետ իմպլեմենտացիայի համար, նաև հնարավորություն՝ ապահովելու քաղաքացիական հասարակության պատշաճ ներգրավածությունն այս գործընթացին:

Սակայն այսօրվա լսումները դարձան ընդամենը հերթական դեկորատիվ միջոցառում, զրկված կոնկրետությունից և ապագայի տեսլականից: Լսումների արարողակարգային մասից հետո դահլիճը կտրուկ դատարկվեց: Եվ եթե ԵՄ երկրների դեսպանների հեռանալը հասկանալի էր, ապա ԱԺ պատգամավորների բացակայությունը վկայում էր հարցի եւ լսումների նկատմամբ նրանց անլուրջ վերաբերմունքի մասին:

Ելույթ ունեցողների մի մասը չխորշեց չարաշահել իրենց խոսելու հնարավորությունը՝ «նախկինների» բոստանից ցոգոլ գողանալու համար: Հիշեցնեմ, որ 2013 թվականի հայտնի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի ղեկավարության իմաստուն որոշումը զերծ պահեց Հայաստանն ու Արցախը գեոպոլիտիկ ցնցումներից: Իսկ թե ինչի՞ կարող էին բերել այդ ցնցումները՝ դիտեք և ուսումնասիրեք Ուկրաինայի օրինակով:

Եթե հոգու խորքում ձեր ղեկավարի նման դեմ եք մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, մեջ մի գցեք, արտահայտվեք մինչև վերջ: Թե «դուխովների» դուխը չի՞ հերիքում:

Թե չէ զավեշտալի է, երբ միևնույն ժամանակ քննադատում եք, որ Ասոցիացման համաձանագիր չկնքեցինք (թե ինչու, բազմիցս բացատրել ենք), ու հետո գովում եք մեր իսկ մշակած ու մեր շնորհիվ ստորագրված ԵՄ-Հայաստան համաձայնագիրը:

Եթե իրոք կարծում եք, որ այն չի բավարարում Հայաստանին, ապա մեծ-մեծ խոսելու փոխարեն կարող եք չեղարկել այն և հայտարարել, որ ԵՄ ուղղությամբ ձեր ամբիցիաները ավելի մեծ են և դուք ուզում եք Ասոցացման համաձայնագիր: Հը՞ն, կանե՞ք:

Մնացած հարցերի մասին:

1. Չկար առարկայական հաշվետվություն, թե համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզով 2019 թվականի համար նախատեսված ո՞ր միջոցառումները ժամանակին չեն իրականացվել և ինչու՞:

2. Ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ ոք չանդրադարձավ օրերս իմ կողմից բարձրաձայնված ԵՄ-Ադրբեջան նախապատրաստվող համնաձայնագրում Արցախի խնդրի ձըակերպումների կարևորագույն հարցին: Այդքան հանգի՞ստ եք: Թե՞ այդքան անպատասխանատու: Գուցե այդքան անճա՞ր:

3. Որևէ կերպ չշոշափվեց Արևելյան Գործընկերության նոր ռազմավարության (Eastern Partnership 2020+) մեջ Հայաստանի դիրքի ամրապնդման խնդիրները, հատկապես որ ԵՄ-ի նախնական քննարկումներում առավել ընդգծվում է ասոցիացված եռյակը և գրեթե անտեսվում Հայաստանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ