Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է․
«ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐԵՎԷ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ
Դեռևս 2018թ. դեկտեմբերի 16-ին հրապարակային կարգով նշել էի, որ թիրախավորված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը:
ԻՆՔՆԱՎԱՐ Եկեղեցին ունի ինչպես պետության անհավատ իշխանավորներից, այնպես էլ գերտերություններից պաշտպանվելու հարուստ փորձ: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:
Այսօր Եկեղեցին խոչընդոտ է հանդիսանում գլոբալացման (համաշխարհայնացման) գործընթացների համար, քանի որ ազգային ինքնագիտակցությունը բարձր պահելով և պահպանողական մոտեցումներով լուրջ դիմադրություն է ցույց տալիս:
Պատահական չէ, որ Եկեղեցին իր խոսքը հայտնել է, ինչպես 2017թ. Ստամբուլյան կոնվենցիայի նախատիպը համարվող ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ (նախկին իշխանության ժամանակ), այնպես էլ 2019թ. Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ (այս իշխանության ժամանակ): Այս դիրքորոշումները բնականաբար իրենց ազդեցությունն են ունեցել ինչպես ընտանեկան բռնության օրինագծի վրա (օրինագծից մասնավորապես դուրս թողնվելով զուգընկերների և երեխաներին առանց ծնողների ապաստարան տանելու հետ կապված կարգավորումները), այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի վրա:
Պատահական չէ այն, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը այժմ հայտարարում է, որ Եկեղեցին ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը..:
Հայաստանի ներպետական օրենսդրությունից հետևում է, որ կոռուպցիան ԻՇԽԱՆԱԿԱՆ լիազորությունների չարաշահումն է՝ անձնական կամ այլ շահադիտական նպատակով: Եկեղեցու և հոգևորականների գործունեությունը որևէ կերպ չեն կարող կոռուպցիոն դրսևորումներ լինել այն պարզ պատճառով, որ աշխարհիկ իշխանական լիազորությամբ օժտված չեն:
Այստեղ հարց է ծագում, թե ինչու է նշված կազմակերպության ներկայացուցիչը դուրս եկել կոռուպցիայի հասկացության սահմաններից:
Վստահ եմ, որ Եկեղեցու նկատմամբ հարձակումները շարունակվելու են նաև հետևյալ ուղղություններով, այն է՝ փորձելու են սահմանափակել կամ վերացնել՝
- զորամասերում հոգևորականների ներկայությունը.
- քրեակատարողական հիմնարկներում հոգևորականների ներկայությունը.
- Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներս թույլ չենք տալու Եկեղեցու նկատմամբ որևէ ոտնձգություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը