Tert.am-ը գրում է.
Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա ընդգծեց, որ փոխարենը կան թեկնածուներ ովքեր «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ:
-Պարո՛ն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Դուք միշտ կոշտ քննադատել եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը:
-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում կոնկրետ հասցեատերեր չի նշել, ուստի չեմ կարծում, որ անհրաժեշտ է պատասխանել: Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում։ Այլ հարց է, որ կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա արցախցին ինքնուրույն ընտրություն պետք է կատարի։ Եթե ուժի մեջ են վարչապետի հնչեցրած կոնսենսուսները, ապա գերակայողը ազատ կամարտահայտումը պետք է լինի՝ առանց որևէ միջամտության։
- Վերլուծական շրջանակներում հնչում են մտահոգություններ այն մասին, որ Արցախի Հանրապետությունում ընտրությունները բավականին լարված են անցնելու, նախագահի 14 թեկնածու է գրանցվել: Այս առնչությամբ ի՞նչ տեսակետ ունեք: Ձեր կարծիքով ՀՀ իշխանությունները կարո՞ղ են ուղիղ ազդեցություն ունենալ գործընթացի վրա:
-Այս ընտրություններն աննախադեպ են մի քանի առումով: Գրանցվել է 14 թեկնածու, ինչը փոքրիկ Արցախի համար բավականին մեծ թիվ է: Նախագահական ընտրությունները զուգահեռվելու են խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը ևս աննախադեպ է:
Այս ընտրություններն աչքի են ընկնում նաև իրենց ակնհայտ կոմերցիոն բաղադրիչով: Անթույլատրելի է, բառիս բուն և փոխաբերական իմաստով, առևտրի մեջ մտել ընտրողի կամ որևիցե այլ քաղաքական ուժի հետ: Փորձ է արվում նաև ատելության մթնոլորտ սերմանել և հանրությանը պառակտել, ինչը ևս անթույլատրելի է, և ես ամեն ինչ անելու եմ, որ այդ արհեստածին բաժանումը չպառակտի Արցախը: Մենք թեժ փուլում ենք: Ներքին թշնամանքի մթնոլորտը կարող է սպառնալ մեր անվտանգությանը: Արտաքին մարտահրավերները լուրջ ու իրական են, ռազմաճակատի գիծը գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ու այդ իսկ պատճառով Արցախին ինքնուրույն և բացառապես արցախցիների քվեով առաջնային մանդատ ստացած նախագահ է պետք:
Օգտվելով առիթից՝ բոլոր թեկնածուներին ու կուսակցություններին կոչ եմ անում վարել կոռեկտ պայքար: Մենք կարող ենք բանավեճել շատ հարցերում ու դա նորմալ է, բայց մեր վեճը չպետք է Արցախի անվտանգության նվազման գին արժենա: Մենք շատ թանկ ենք վճարել հաղթանակի ու ինքնիշխան լինելու համար: Հետևաբար՝ չարժե փորձել հաղթանակը վաճառել և վաճառվել որպես քաղաքական գործիչ ու մարդ: Անկախության միջազգային ճանաչման ձգտող Արցախին ինքնուրույն ղեկավար է պետք, այլ ոչ թե դրածո և հազար ու մի ազդեցությունների տակ գտնվող մարդ, նաև՝ ռազմական գործից հասկացող մարդ։ Մենք չենք կարող Արցախում ունենալ բանակից հեռու ու պատերազմից անտեղյակ իշխանություն: Տնտեսվարների կամ գեղեցիկ խոսքեր հնչեցնող քաղաքական գործիչների ղեկավար դառնալու ժամանակը դեռ կգա, բայց հիմա մենք այլ վիճակում ենք։
Հայաստանի ու Արցախի հարաբերությունները արդյունավետ և մեր երկրի անվտանգությանը նպաստող կլինեն ոչ թե Արցախում կամակատար, այլ ինքնուրույն ղեկավար ունենալու պարագայում։
-Չնայած ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չկարողացավ մասնակցել ընտրություններին, բայց որոշում կայացրեց Մասիս Մայիլյանին սատարելու վերաբերյալ, այս մասին ի՞նչ տեսակետ ունեք:
-Դա իրենց իրավունքն ու ընտրությունն է: Մեկնաբանության կարիք չկա։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը