Armlur.am-ը գրում է.
Հետաքրքիր զուգադիպությամբ ստացվում է այնպես, որ գործող իշխանություններն այս կամ այն պաշտոնյային պաշտոնանկ անելուց առաջ նրան նոր կոչում են տալիս: Ամենավերջին դեպքը կապված է Ռազմական ոստիկանության արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանի հետ: Նրան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից գեներալ-մայորի կոչումտրվեց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Եվ, ահա, նոր կոչումից մեկ ամիս էլ չանցած՝ նրան պաշտոնանկ են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:
Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությունը հաջորդել էր ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, երբ անդրադարձ էր կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին եւ պատճառներին: Սակայն սա ամենեւին էլ առաջին դեպքը չէ, երբ որեւէ պաշտոնյա պարգեւատրվում է, ապա պաշտոնանկ արվում: Նման իրավիճակ եղավ նաեւ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պարագայում: Երկու նախկին պաշտոնյաները կոչումներ ստացան 2019 թվականի հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:
Օսիպյանին շնորհվել էր ոստիկանության գեներալ-մայորի, իսկ Վանեցյանին էլ՝ գեներալ-մայորի զինվորական կոչում: Եվ, ահա, նոր կոչում ստանալուց երկու ամիս անց Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որն էլ հաստատվել էր: Իսկ, ահա, Օսիպյանը հեռացավ Արթուր Վանեցյանից երկուօր անց՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետի առաջարկությամբ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը