20 02 2020

Փաշինյանը փորձում է կանխել հարցադրումը՝ արժե՞ր հանրաքվեի համար 3,5 մլրդ դրամ ծախսել․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը փորձում է կանխել հարցադրումը՝ արժե՞ր հանրաքվեի համար 3,5 մլրդ դրամ ծախսել․ Անդրանիկ Թևանյան

Մոտ 3,5 միլիարդ ՀՀ դրամ է ծախսվելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կազմակերպելու համար։ Այսինքն՝ ապօրինի այդ գործընթացը հարկատուներիս վրա «նստելու» է ավելի քան 7,3 միլիոն դոլար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Վարչապետը հանրաքվեն հիմնավորում է ժողովրդի կարծիքը լսելու ցանկությամբ (ի դեպ, աշխարհի բոլոր խոշոր հանցագործություններն արվել են ժողովրդի անունից)։

Փաշինյանը վախենում է քննադատությունից։ Նա փորձում է կանխել այն հարցադրումը, թե արժե՞ր արդյոք հանրաքվեի համար 3,5 միլիարդ դրամ ծախսել։

Այդ հարցադրումը վարչապետը շահարկում է համարում ու կառավարության նիստում պոպուլիզմի մաստեր-կլաս ցուցադրում։

Նա ասում է, որ այդ 3,5 միլիարդ դրամի ծախսը կորած չէ, քանզի այն մտնելու է մեր տնտեսության մեջ (թուղթ, գրիչ, վճարներ և այլն)։ Համ էլ, ըստ նրա, 1 միլիարդ դոլարով ավելացել են բյուջետային եկամուտները, ինչը իրավունք է տալիս 7,3 միլիոն դոլար ծախսել ժողովրդի կամքը (դե՛, իր ցանկությունը, էլի՛) կյանքի կոչելու համար։

Բացի այդ՝ ասում է ինչքան այսպիսի հանրաքվեներ լինեն, այնքան ավելի շատ բյուջե կհավաքվի։ Ուզում է ասել, որ ինչքան շատ իշխանություն ունենամ, այնքան շատ փող կհավաքեմ բյուջե ու այնքան շատ կբաժանեմ. սա արդեն պողոսների համար նախատեսված «կուտ» է։

Փաստորեն, ստացվում է, որ հանրաքվեի ծախսը տնտեսության մեջ մտնող է ու կորած տեղ չէ, և դեռ մի բան էլ տնտեսական աշխուժությանն է նպաստում։ Այդ տրամաբանությամբ կարելի է ամեն օր հանրաքվե անել և տնտեսական աշխուժությանը նպաստել։ Այդ տրամաբանությամբ են, թերևս, արվում նաև վարչապետի անձնական ճոխ ծախսերը (չէ՞ որ դա էլ կարելի է ներկայացնել որպես տնտեսության մեջ արվող ծախսեր. օրինակ՝ ինքը կարող է սև խավիար գնել ու դրանով նպաստել խավիարի վաճառքին, խավիար վաճառողը ստացած եկամուտը կարող է ծախսել այլ բաներ գնելու վրա՝ դրանով իսկ նպաստելով այլ բաներ վաճառողի տնտեսական աշխուժացմանը և այդպես շարունակ)։ Սա նոր խոսք է տնտեսագիտության մեջ, և վարչապետը կարող է հավակնել Նոբելյան մրցանակի։

Եթե մարդը սեփական իշխանության ավելացումն ու դատական իշխանության սեփականաշնորհման ձգտումը կարողանում է պողոսների վրա «նաղդել» որպես «ժողովրդի կամքով ու ժողովրդի համար» արվող ծախսեր, ապա դա, իրոք, մրցանակի է արժանի։ Դրա համար հատուկ տաղանդ է պետք։

Համաշխարհային հռչակ ունեցող պոպուլիստները մի քանի պտույտ հաստատ կարող են անել իրենց գերեզմաններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ