Փաստինֆո-ն գրում է․ «Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ստացված պաշտոնական տվյալները։
Այսպես՝ Կապանյան ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածահարույց էր որակել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործուղումները՝ հայտարարելով, թե «պետք է հետաքննվի, էդքան,որ գնացել-եկել են տարբեր տեղեր»։ «Փաստինֆո»-ն փորձեց պարզել՝ քանի գործուղում է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Արդյունքում՝ պարզվեց՝ ամենաքիչ գործուղումն ունեցել է հենց ՍԴ նախագահը. 2019թ-ին նա գործուղման է մեկնել 2 անգամ, որից առաջինը Սանկտ-Պետերբուրգ, երկրորդը՝ Լատվիա, 2019 թվականի նոյեմբերին։
Երկրորդ հորիզոնականում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է՝ 2019-ին գործուղման է մեկնել 6 անգամ, ընդհանուր առմամբ այս գործուղումների համար ծախսվել է ավելի քան 5 մլն դրամ։
Երրորդ տեղում վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նա արտասահման է մեկնել 18 անգամ եւ միայն նրա գիշերավարձի համար ծախսվել է 12 մլն 306 հազար դրամ։
Փաշինյանի համեմատությամբ ավելի շատ գործուղումների են մեկնել Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ 23 անգամ։ Վերջինիս գործուղումների համար ծախսվել է մոտ 9 մլն 907 հազար դրամ, որից ավելի քան 6 մլն 600 հազարը ԵԱՏՄ ու ԱՊՀ նիստերին մասնակցելու համար։ Իսկ Արարատ Միրզոյանի գործուղումների օրապահիկի, ավիատոմսերի ու հյուրանոցային ծառայությունների համար ծախսվել է ավելի քան 13 մլն դրամ։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր նաեւ Նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե քանի գործուղում է ունեցել եւ որքան գումար է ծախսվել։ Մեր հարցմանն ի պատասխան Նախագահի գործուղումների կոնկրետ թիվ չի նշվել, սակայն նշել են, թե որոշ գործուղումների նա մեկնել անձնական միջոցների հաշվին: Սակայն, այդուհանդերձ, պետական բյուջեից նախատեսվել է 123 միլիոն 30 հազար ՀՀ դրամ, որից նույնքանն էլ ծախսվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը