18 02 2020

Վանեցյանի առաջին քննությունը

Վանեցյանի առաջին քննությունը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտ մտնելու հայտարարությունից կարճ ժամանակ անց կանգնեց շատ ծանր թեմայի առջև՝ բանակի մտահոգիչ կորուստներ, բանակի խորքային խնդիրներ, և ի պատիվ իրեն քննությունը հանձնեց փայլուն։

Ես Վանեցյանի խոսքում կառանձնացնեի երկու հատված, որոնք հատկապես կարևոր են խնդրի ողջ էությունը հասկանալու համար։

Նախ՝ իսկապես գլխավոր հանգամանքը, որով պայմանավորվում է ներբանակային զարգացումները՝ երկրում ստեղծված մթնոլորտն է։

«Երբ բարձրաձայն ասվում է, թե բանակը հասարակության հայելին է, դա մեզ թույլ է տալիս հետևություն անել, որ բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։

Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ զինված բանակում։»։

Վանեցյանի այս մտքի ապացույցը բազմաթիվ համակարգերում սևի և սպիտակի բաժանարար գծերի անցկացումն է, որը ցավալիորեն պետք է փաստել, մուտք է գործել նաև բանակ։

Եվ երկրորդը. Բանակում չի կարող լինել «հնի և նորի» բաժանում։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը և մոդեռնիզացիան միասնական և փոխլրացնող սկզբունքներ են։

Եվ եթե Ա. Վանեցյանը կարողանա մյուս հարցերում ևս նման հավասարակշռված հայացքով և տեսանկյունով մտնել քաղաքական դաշտ, ապա նա կսահմանի նոր նշաձող, և մենք այսօրվա լճացման և դատարկության պայմաններում կունենանք ծանրակշիռ այլընտրանք։ Երկիրը պետք է առաջ գնա գրագետ, զուսպ և պրոֆեսիոնալ ծրագրերով ու պատկերացումներով։

Ասյա Օվանյան

«Իմ Ձայնը» նախագիծ

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ