18 02 2020

Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Վիտալի Բալասանյան. News.am

Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Վիտալի Բալասանյան. News.am

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում նախագահական ընտրություններին, բանակցային գործընթացին և մի շարք այլ հարցերի:

-   Պարո՛ն Բալասանյան, Արցախում նախագահական ընտրությունները գործնականում մեկնարկել են։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

Այս ընտրություններն աննախադեպ են մի քանի առումներով։ Գրանցվել է 14 թեկնածու, ինչը փոքրիկ Արցախի համար մեծ թիվ է։ Նախագահական ընտրությունները զուգահեռվելու են խորհրդարանականի հետ, ինչը ևս աննախադեպ է։

Այս ընտրություններն աչքի են ընկնում նաև իրենց կոմերցիոն բաղադրիչով։ Թեկնածուներից ոմանք բառիս բուն և փոխաբերական իմաստով անթաքույց առևտրի մեջ են մտել միմյանց ու այլոց հետ։ Մեկն ունեցած կամ մտացածին ձայներն է վաճառքի հանել, մյուսը փորձում է գնել ընտրողի արժանապատվությունը։ Երրորդը մանր ծառայություններ է առաջարկում՝ համեստ վճարի դիմաց։ Զգացվում է նաև արտաքին ազդեցության գործակալների ակտիվացումը։ Փորձ է արվում հեղափոխական ցնցումները, ատելության մթնոլորտը, հանրությանը պառակտելու քաղաքականությունը ներմուծել Արցախ, ինչն անթույլատրելի է, և ես ամեն ինչ անելու եմ, որ սևի ու սպիտակի բաժանումը չպառակտի Արցախը։

Մենք թեժ փուլում ենք։ Ներքին թշնամանքի մթնոլորտը կարող է սպառնալ մեր անվտանգությանը։ Արտաքին գործակալական ցանցին չպետք է թույլ տրվի Արցախը խաղահարթակ դարձնել։ Դրա համար Արցախին ինքնուրույն և բացառապես արցախցիների քվեով առաջնային մանդատ ստացած նախագահ է պետք, այլ ոչ թե խամաճիկ։

Օգտվելով առիթից՝ բոլոր թեկնածուներին ու կուսակցություններին կոչ եմ անում վարել կոշտ, բայց կոռեկտ պայքար։ Մենք կարող ենք բանավիճել շատ հարցերում ու դա նորմալ է, բայց մեր վեճը չպետք է Արցախի անվտանգության նվազման գին արժենա։ Մենք շատ թանկ ենք վճարել հաղթանակի ու ինքնիշխան լինելու համար։ Չարժե, հետևապես, փորձել հաղթանակը վաճառել և վաճառվել որպես քաղաքական գործիչ ու մարդ։ 

-   Հենց այդ չվաճառելու ուղե՞րձն է պարունակում Ձեր կարգախոսը՝ «Հաղթանակը չի՛ վաճառվում»։ Մի քիչ շատ չէ՞ պաթոսը։

Մենք նաև հանդես ենք գալիս «Հանուն Արցախի» կարգախոսով։ Մերժում ենք քաղաքականության առևտրականացումը՝ լինի դա ձայները գնելու կամ անսկզբունքային, գաղափարական հենք չունեցող դաշինքներ կազմելու տեսքով։

Ինչ վերաբերում է Ձեր նշած մյուս կարգախոսին, ապա այն ոչ թե պաթոսով է լցված, այլ շատ գործնական նշանակություն ունի և բխում է ստեղծված իրավիճակից։

Ես երբեք գեղարվեստական ձևակերպումներով աչքի չեմ ընկել: Ինքս ինձ պետական գործիչ եմ համարում ու չեմ սիրում որոշ քաղաքական գործիչների ոճով լղոզված գնահատականներ հնչեցնել։ Ես զինվորական եմ և այդպիսին էլ միշտ կմնամ: Կյանքն է ստիպում զինվորականին նախագահի թեկնածու առաջադրվել, նախ որպեսզի պատերազմական գոտում գտնվող մեր ժողովուրդն այլընտրանք ունենա, բացի այդ՝ կարողանա սեփական ձայնը լսելի դարձնել։ Ես կաշկանդված չեմ ներսի ու դրսի հետ ստվերային պայմանավորվածություններով։ Կարող եմ ազատ և ուղիղ ասել այն, ինչ մտածում եմ ու ինչ կուզենար ասել արցախցին։

Նման կարգախոս ընտրելը կյանքի թելադրանք է։ Հայաստանյան միջամտություն նախագահական ընտրություններին նախկինում էլ նկատվել է, բայց հիմա բովանդակային առումով լրիվ այլ կարգի միջամտություն է։ Դրականի հետ մեկտեղ Արցախ են ներթափանցել նաև հայաստանյան իրողություններին բնորոշ կեղտոտ տեխնոլոգիաները՝ փողից մինչև պառակտման քարոզ։ Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծ մասն այս ամենը շատ լավ հասկանում է, գիտակցում է դրա բացասական կողմը և իր գնահատականն ընտրություններում տալու է:

-  Ի՞նչ նկատի ունեք։

Նկատի ունեմ այն, որ եթե ինչ որ երևույթներ Հայաստանում հանդուրժվում էր, ապա մեզ մոտ դա չպետք է ընդունվի: Ռազմաճակատի գիծը գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Եվ այս պայմաններում մարդիկ հասկանում են, որ ընտրություններն առևտուր չեն, որ սրան–նրան ձայն վաճառես կամ բանակին թիկունքից թուլացնես: Ընտրություններից հետո, մարդիկ ո՞նց են իրար աչքերի մեջ նայելու։

Ես համոզված եմ, որ պատերազմը հաղթած արցախցին չի վաճառի իր ձայնը։ Քանզի, եթե նա իր ձայնը վաճառի, վաղը կարող է կանգնել բառիս բուն իմաստով վտանգի առաջ: Ես վստահ եմ, որ մեր ընտրողի համար իր ապագան, պատիվը, Հաղթանակը և Հայրենիքը վաճառքի ենթակա չեն:

-  Անվտանգության ապահովումից զատ, ո՞րն է այս ընտրարշավում ձեր գլխավոր ասելիքն ու ծրագիրը։ Ինչո՞վ եք Դուք տարբերվում մյուսներից և ո՞ր խնդիրն եք կարևորում, որ պետք է զբաղվի Արցախի վաղվա ղեկավարությունը:

Ես առանց ձևականությունների և դիվանագիտական լեքսիկոնի եմ ուզում պատասխանել ձեր հարցին։ Թեև 14 թեկնածու կա, բայց լինենք անկեղծ՝ գլխավոր հավակնորդները 2-3 են։ Թող անհամեստություն չլինի, ինքս գլխավոր հավակնորդների մեջ եմ։ Մյուսներից տարբերվում եմ նրանով, որ, կրկնեմ, որևէ առևտրային հարաբերության մեջ չեմ մտել ո՛չ ներսի, ո՛չ դրսի (տվյալ դեպքում նկատի ունեմ ՀՀ իշխանություններին) հետ։ Այսինքն՝ ի տարբերություն մյուսների, ինքնուրույն եմ և կաշկանդված չեմ դրածոյի բարդույթով կամ գաղտնի պայմանավորվածություններով։

Հաջորդը։ Արցախը պատերազմից հետո հետզհետե զարգացում է ապրել: Տնտեսությունը հզորացել է, մեր բանակն արդիականացվել է: Սակայն կան շատ անելիքներ։ Դրա հետ մեկտեղ մի կարևոր բացթողում է եղել: Երկիրը զարգացել է, սակայն դրանից օգտվել է հասարակության փոքրաթիվ մասը: Երկրում արդարության պակասը միշտ զգացվել է: Այդ իսկ պատճառով էլ մարդկանց մի մասն արտագաղթել է։

Ես երբեք ոչ մի կոռուպցիոն սխեմայի մեջ չեմ մտել, թեև կարող էի։ Եթե մյուսները խոստանում են «մաքուր» լինել պետական գանձարանի հետ, ապա ես իմ ապրած կյանքով եմ ապացուցել, որ գանձագողությունն իմը չէ, անձնական հարստություն դիզելու մոլուցքն իմը չէ։

Ես իմ գլխավոր առաքելությունը տեսնում եմ Արցախում արդարության զգացումը շարքային մարդկանց մոտ վերականգնելը։ Ինչպես որ պատերազմի ժամանակ ենք հավասար կիսել խրամատը, հացն ու մահը, հրամանատարն ու զինվորը, ուս–ուսի կռվել ենք, այնպես էլ պետք է քաղաքացիական կյանքում օլիգարխիկ սխեմաներ չկազմենք։ Մյուս կողմից էլ՝ «կռված մարդու» կարգավիճակը չշահարկենք ու այն չդարձնենք ապօրինություններ անելու իրավունք։

Մեր թիմը մշակել է սոցիալական ծրագրերի ու տնտեսական զարգացման փաթեթ, որտեղ մեծ տեղ է հատկացված ներդրումներին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, զինծառայողների սոցիալական երաշխիքների ավելացմանը, նպաստների ու թոշակների ավելացմանը: Առանց արդարության հաստատման հատկապես մշտական պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկիրն ապագա չի կարող ունենալ: Ես համոզված եմ, որ սա Արցախի գլխավոր խնդիրն է, որը պետք է լուծվի: Հանուն արժանապատիվ և բարեկեցիկ Արցախի մղվող պայքարի գլխավոր նախապայմանն արդարության հաստատումն է։

-   Արդարության դեֆիցիտը սու՞ր է Արցախում։

Այո՛։ Միջազգայնորեն չճանաչված Արցախի համար արդարության հաստատումը տնտեսության մեջ, դատաիրավական համակարգում և իշխանություն–քաղաքացի հարաբերություններում կրկնակի կարևորություն ունի։ Այն ուղղակիորեն առնչվում է անվտանգությանը։ Մարդիկ հեռանում են նաև արդարության պակասից։ Երկիրը հարուստ  ու ամուր է իր քաղաքացիներով։ Անարդար միջավայրում դժվար է հայրենիքի պաշտպանություն ապահովել։

-   Դուք անընդատ նշում եք անվտանգության կարևորությունը: Զինվորական եք ու ա՞յդ պատճառով եք դա կարևորում։

Ես դա նշում եմ, որովհետև Արցախի համար անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Այդպես է եղել անցած 30 տարիների ընթացքում, այդպես է նաև այսօր: Դեռևս չճանաչված ենք աշխարհի կողմից, և ցանկացած պահի կրկին կարող են սկսվել ռազմական գործողությունները:

Դուք ինքներդ կարող էք գնահատել այսօրվա միջազգային լարված իրավիճակը: Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի: 2016-ի ապրիլին կատարվածը ցանկացած պահի կարող է կրկնվել: Հիշե՛ք այդ օրերը: Պարզ չէ՞, որ այդ ժամանակ դրված էր մարդկանց ֆիզիկական փրկության հարցը: Եթե մեր զինված ուժերը հերոսաբար պաշտպանական գիծը չկարողանային պահել, ապա չեմ ուզում ասել, թե ինչ կլիներ։ Հենց դրա համար էլ այս ճակատագրական պահին, մեզ անհրաժեշտ է մեկ բռունցք դառնալ, երկրում հաստատել իսկապես արդար համակարգ և ունենալ չպառակտված հասարակություն: Դրա համար էլ ես՝ զինվորականս, մտել եմ քաղաքականություն: Լավ օրից չէ դա: Երբ որ հետագայում մեր խնդիրը լուծվի, դառնանք միջազգայնորեն ճանաչված 2–րդ հայկական պետությունը, դրանից հետո, կարծում եմ, մեր երկիրը կարող են կառավարել և՛ փորձառու տնտեսվարողներն ու քաղաքական գործիչները, և՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնք նույնիսկ վառոդի հոտ առած չկան։ Բայց հիմա դեռ այդ հանգիստ ժամանակներում չենք ապրում։

-   Դուք խոսում եք երկրորդ հայկական պետության մասին: Շատերը Ձեզ մեղադրում են, որ դեմ եք Հայաստանի հետ միացմանը: Ի՞նչ կասեք այդ մասին:

Այդ հարցում երեսպաշտությունը շատ է։ Ոմանք պարզապես հայրենասիրության քողի տակ փորձում են լրիվ այլ խնդիր լուծել։ Կա իրականություն, կա միջազգային խաղի կանոն, և կա երազանք: Որպես երազանք, մենք բոլորս էլ պետք է ձգտենք, որ ինչ որ մի պահի Արցախը միանա Հայաստանին: Սակայն, նույնիսկ անտեղյակներն են հասկանում, որ այսօր այդ պահը չէ: Մենք դեռ պետք է ճանաչվենք որպես անկախ պետություն, հետո նոր մտածենք միացման մասին: Բոլոր նրանք, ովքեր դա չեն հասկանում, կամ ձևացնում են, որ չեն հասկանում, լավագույն դեպքում դեմագոգներ են։

-   Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս բանակցային գործընթացը։ Գո՞հ եք Հայաստանի դիրքորոշումից: Ոմանք ձեզ համարում են Նիկոլ Փաշինյանի հակառակորդը: Ի՞նչ կասեք դրա մասին:

Հայաստանի դիրքորոշումն այս պահին հստակեցման կարիք ունի։ Հստակության բացակայությունը լկտիացրել է Ալիևին։ Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է։

Իսկ ընդհանրապես, բանակցային գործընթացի մասին խոսել կարելի է միայն իր վերջնարդյունքից ելնելով։ Օրինակ, 1994-ից հետո բանակցային գործընթացը 1996-ին Լիսաբոնում ցույց տվեց իր առաջին արդյունքը, երբ միջազգային հանրությունը բացահայտորեն հայտարարեց, որ Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմից դուրս: Պարզ էր, որ դա մեր դիվանագիտության խայտառակ էջերից էր:

1998-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ մեր դիվանագիտության այդ խայտառակ էջը փակվեց: Իսկ 2007-ից հետո առաջին անգամ միջազգային հանրությունն ընդունեց տարբերակ, որ Արցախը կարող է ինքնորոշվել Ադրբեջանի կազմից դուրս: Մադրիդյան սկզբունքները հենց այդ մասին էին։ Իհարկե այստեղ էլ կան շատ խրթին կողմեր, և մենք մեր ուզածին դեռ չենք հասել, բայց կարևորը, որ մեզ արդեն չեն ասում, թե պետք է լինեք Ադրբեջանի կազմում: Պարզ է, որ Մադրիդյան սկզբունքները, մեղմ ասած, մեր երազանքը չեն, բայց դա հնարավորություն է, որ հետո կարողանաս քո ուզած առավելագույնին հասնել։

Մյունխենում տեղի ունեցածին շատերն են հետևել։ Ալիևի անգրագետ, ամբարտավան ու լկտի պահվածքը զգացմունքայնության առումով վատ ֆոն է ստեղծում։ Բայց մի կողմ դնելով զգացմունքը, պետք է արձանագրել, որ փաստացի մենք վերադարձել ենք 1997–ի տխրահռչակ տարբերակին։ Ալիևը կողմ արտահայտվեց դրան, իսկ հայկական կողմից առարկություն չլսվեց, այնինչ 97-ին արցախյան կողմը պաշտոնապես մերժել էր։

Որպես Արցախի նախագահի առաջադրված թեկնածու, հայտարարում եմ, որ փուլային տարբերակը մերժելի է մեզ համար։ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի եղել և չի լինելու Ադրբեջանի հանրապետության կազմում։ Սա թող Ալիևն իր ականջին օղ անի և հանկարծ պատրանքների մեջ չընկնի։ Իր հայրն էլ մի պահ ոգևորվել էր, բայց հետո մեր բանակը նրան վերադարձրեց իրականություն։

Բանակցությունը բանակցություն, բայց ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչքան հզոր կլինեն Հայաստանը և Արցախը: Այստեղ գործում է հայտնի՝ «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը:

Ի՞նչ է կատարվում այսօր բանակցային դաշտում, չեմ ուզենա էմոցիոնալ գնահատական տալ, որ չասեն, թե, իբրև, սուբյեկտիվ դիրքորոշում ունեմ։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հարաբերություններին, ապա ոչ մի անձնական թշնամանք չկա։ Իմ գնահատականները պայմանավորված են անվտանգության հարցերով։ Ու թող զարմանալի չթվա, Երևանն ու Ստեփանակերտը կարող են արդյունավետ համագործակցել ու դիմակայել թշնամուն այն դեպքում, երբ Արցախում կլինի ոչ թե դրածո, այլ ընտրված ու ինքնուրույն նախագահ։ Երբ Հայաստանում պատերազմին ու ռազմական գործին չառնչված քաղաքական թիմ է կառավարում, ապա գոնե Արցախում պետք է այդ բացը լրացնել։

-  Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կոշտ գնահատականները Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ։

Ես զինվորական եմ։ Շատ լավ հասկանում եմ Հայաստանի ու Արցախի միասնության արժեքը: Բայց երբ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում կան, իբր, դավադիր ուժեր, որոնք ուզում են պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ ու նույնիսկ տարածքներ հանձնել, որից հետո դա բարդել Հայաստանի կառավարության վրա, սա ուղակի աննախադեպ վտանգավոր և պրովոկացիոն հայտարարություն էր, որին Արցախը չէր կարող չարձագանքել: Ես առանց ավելորդ ձևականության արձագանքել եմ։ Դա բխում էր Հայաստանի ու Արցախի անվտանգության շահերից։

-    Կբացե՞ք փակագծերը։ Ո՞րն է վտանգը։

Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգ էր պարունակում նրա ասածը: Իսկ եթե Ադրբեջանը սադրանք կազմակերպեր և մեղադրեր Արցախին սադրանքի մեջ՝ հղում անելով Փաշինյանին: Դրանից հետո ո՞վ էր մեղավոր լինելու: Մինչև հիմա Խոջալուի դեպքերի պահով հղում է արվում Մութալիբովի հարցազրույցին: Փաշինյանը դա արեց Մյունխենում և դա ճիշտ տեխնոլոգիա էր, թեև Խոջալուի պահով այլ բաներ էի ես սպասում որպես հայկական կողմի արձագանք։

Մութալիբովի հարցազրույցը դարձավ մեր դիվանագիտական վահաններից մեկը այս հարցի վերաբերյալ: Ես հենց այդ պատճառով եմ արձագանքել «ղարաբաղյան դավադիրների» մասին հայտարարությանը, քանզի ճիշտ չէր լինի, որ Փաշինյանի այդ խոսքերին Արցախից պատասխան չհնչեր։ Ավելին, Հայաստանում կան շրջանակներ, որոնք վատ են տրամադրված Արցախի հանդեպ: Վկան, նրանց վերջին արձագանքն էր բանակում մահվան դեպքերի շատացման վերաբերյալ: Սա իսկական պրովոկացիա է, ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի դեմ։ «հայաստանցի–ղարաբաղցի» վտանգավոր հակադրություն է քարոզվում նրանց կողմից, ովքեր փուլային տարբերակի ջատագով լինելու համար դուրս են շպրտվել քաղաքական դաշտից։

Ես ունեմ օպերատիվ տեղեկացվածություն իրազեկ աղբյուրներից, թե ովքեր են կազմակերպում այս հիբրիդային պատերազմն Արցախի և Հայաստանի դեմ: Օգտվելով առիթից՝ կոչ կանեի Փաշինյանին արձագանքել այդ տեղեկատվական դիվերսիաներին։ Դրանով նա իր հանդեպ վստահությունը կմեծացնի ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում: Իմ այս հորդորը հեգնանք չհամարեք: Ես անկեղծորեն շահագրգռված եմ, որ Հայաստանի ու Արցախի վերնախավերի մեջ լարվածություն չլինի: Իսկ դա կախված է միաժամանակ և՛ Երևանից, և՛ Ստեփանակերտից: Այստեղ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանը մեր անվտանգության երաշխավորն է, բայց բոլորը նաև գիտեն, որ Արցախն ամուր է իր սուբյեկտայնությամբ։

-   Պարո՛ն Բալասանյան, խոսեցինք Հայաստանի ու Արցախի հարաբերությունների կարևորության մասին: Ի՞նչ կասեք  մեր տարածաշրջանի ու միջազգային ակտիվ խաղացողների՝ Իրանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

Մենք պետք է գնահատենք մեր բոլոր պոտենցիալ գործընկերներին և զարգացնենք մեր հարաբերությունները:

Թե ինչ է իրենից ներկայացնում Իրանը Հայաստանի և Արցախի համար, լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Մենք միշտ երախտապարտ պետք է լինենք Իրանին, մեր բարեկամ հարևանին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, պետք է հիշեցնեմ, որ այն միակ երկիրն է երկրագնդի վրա, որը պաշտոնապես օգնություն է ցուցաբերում Արցախին: Մի՞թե սա կարելի է անտեսել: Իհա՛րկե՝ ոչ: Չմոռանանք նաև համահայկական հեռուստամարաթոնները, որոնք ԱՄՆ–ում են կազմակերպվում, և հավաքված գումարն ուղղվում է դեպի Արցախ։

ԵՄ-ի մասով ասեմ, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու համար կապերն այդ կառույցի հետ:

Ռուսաստանի հետ բնական դաշնակցություն է՝ ռազմավարական բնույթի։ Մոսկվան այսօր հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Հերիք է նայել քարտեզին, և առանց երկար մեկնաբանության էլ պարզ կդառնա, թե ինչ է նշանակում մեզ համար Մոսկվան: Ի դեպ, այստեղ էլ ես տեսնում եմ հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ: Այդ թվում՝ չճանաչված պետությունների հարթակում:

-   Հայաստանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահի դատավարությունը: Որպես նախագահի թեկնածու այդ թեմային անդրադառնալո՞ւ եք։

Անկեղծ ասած, նախորդ տարվա մայիսին, երբ Արցախի երեք նախագահները գտնվում էին դատարանի շենքում, շատ վատ զգացի այդ տեսարանից: Փաստորեն, դատվում է Արցախի առաջին նախագահը, ՀՀ երկրորդ նախագահը, ում ներդրումը հսկայական է պատերազմի տարիներին, դրանից հետո։ Ում ջանքերի շնորհիվ 1998-ին փակվեց 1996-ի լիսաբոնյան խայտառակ էջը, մենք տեր կանգնեցինք հաղթանակին: 

Անհիմն մեղադրանքով դատվում է մի մարդ, որի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը  10 տարի ունեցավ զարգացում, գրանցվեցին երկնիշ աճի ցուցանիշներ: Ում կառավարման ընթացքում երկրի տնտեսությունը աճեց մոտ 6 անգամ, բյուջեն՝ 8 անգամ: Իսկ հայաստանցիների կենսամակարդակը աճեց մոտ 7 անգամ:

Այս դատավարությունը մեր նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկն է, որի համար բոլորս ամոթ ենք զգալու: Արցախում դա բոլորը գիտակցում են, այդ թվում՝ նախագահի թեկնածուները, սակայն արտահայտվում են վախվորած, պատերի տակ: Հավանաբար, որպեսզի չփչացնեն իրենց հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ: Ես որպես զինվորական և պետական գործիչ, իմ տեսակետը բացահայտ եմ ասում: Ժամանակները կանցնեն, և մենք բոլորս ամաչելու ենք այս ամենի համար: Հիշե՛ք իմ խոսքերը:

-  Պարո՛ն Բալասանյան, ի՞նչ ակնկալիք ունեք ընտրարշավից, ի՞նչ արդյունք եք սպասում։

Արդեն նշեցի, որ գլխավորը՝ անվտանգության հարցում թուլացած դուրս չգանք այս ընտրարշավից։ Պառակտված ու ատելությամբ լցված հասարակություն չստանանք։ Ինքս կոշտ գնահատականներ եմ տալու մեր կյանքի անարդարություններին, բայց ծանր գնով ձեռքբերված ռազմական հաղթանակը որևէ պարագայում թույլ չեմ տալու առևտրի առարկա դարձնել։ Ես, որպես նախագահի թեկնածու, և «Արդարություն» կուսակցությունը պայքարում ենք հաղթանակի համար և օգտագործելու ենք մեզ հասու բոլոր միջոցները։

Արցախում բարեկեցության հարցը միայն սոցիալական հարց չէ: Այն նաև անվտանգության հարց է: Եվ ինձ թող ճիշտ հասկանան: Արցախն ու Հայաստանը իրար հետ շաղկապված միասնական համակարգ են։ Եվ մեկը մյուսի անվտանգությունն է ապահովում: Եվ այս առումով, հաշվի առնելով Արցախի չճանաչված լինելը, պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որպեսզի ոչ թե Արցախից արտագաղթ լինի դեպի Հայաստան, այլ հակառակը: Իսկ դրա համար նույնիսկ անհրաժեշտ է, որպեսզի Արցախում կենսամակարդակը մի փոքր ավելի բարձր լինի, քան Հայաստանում: Քանզի, 21–րդ դարում միայն հայրենասիրական պաթոսով հնարավոր չէ մարդկանց պահել իրենց հողի վրա:

Իսկ թե ում է պատկանելու Արցախը, ունի շատ պարզ և միաժամանակ խորիմաստ պատասխան․ Հողը պատկանում է նրան, ով նրա վրա ապրում է: Եվ այս թեզը դասական բանաձև է քաղաքագիտության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ