Պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատից հիասթափված եմ:
Արցախյան հարցում Փաշինյանից դրական առաջընթաց կամ լուծումներ երբևէ չեմ ակնկալել ու դրա մասին ասել եմ: Մունխենում տեղի ունեցած ցաքուցրիվ, սարկազմախառը խոսքուզրույցը, մեղմ ասած, կոտրեց հնարավոր հույսերը: Ակնհայտ է, որ Փաշինյանն Արցախի կարգավորման հարցում դժվարանում է նույնիսկ պաուզան պահել:
Ալիևը մեկ անգամ ևս նշեց, որ բանակցային գործընթացում hարցը տանում են դեպի փուլային լուծման: Այսինքն, որոշ տարածքների վերադարձ, փախստականների և տեղահանվածների վերաբնակեցում, հարաբերությունների նորմալացում, այնուհետ Ադրբեջանի կազմում, որպես ազգային փոքրամասնություն ուրախ, անհոգ կյանք և այլն: Փաշինյանը՝ Ալիևի այս դիտարկմանը լիարժեք պատասխան չտվեց՝ կցկտուր խոսելով Դուշանբեից, ուղիղ կապից (որի ընթացքում ծիծաղում էր Մամեդյարովը) Արցախի անվտանգությունից և կոնֆլիկտի պատմությունից:
Ի՞նչ իմաստ ուներ երկար բարակ խոսել ներկաների մոտ քմծիծաղ առաջացնող «միկրո, մինի հեղափոխություններից», սեփական անձի գովերգումից, ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը կատարված տեսնելու հարցում միակը լինելուց: Ի՞նչ է շահում դրանից Հայաստանը: Մի՞թե Փաշինյանն այդքան միամիտ է, որ կարծում է դրանով գովասանքի է արժանանալու, կամ հայկական կողմի համար բանակցային հարմար դիրքեր է ապահովելու:
Վարողի հարցին, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը միջազգային հանրությունից, Փաշինյանը նշում է, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Դա հազար անգամ արվել է, առանց մեր ակնկալելու: Ինչո՞ւ չի նշում, որ Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է, որպեսզի վերջինս պայմաններ ստեղծի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա ճանաչման համար՝ բացատրելով դրա նշանակությունը: Փոխարենը Ալիևն է նշում, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ զորքերի դուրսբերման հարցում:
Երբ Ալիևը մեզ խորհուրդ է տալիս ինքնորոշվելու համար մեկ այլ տարածք գտնել, բացահայտ հասկացնելով, որ մերժում է բանակցային օրակարգի մեր ցանկացած շահ, ինչո՞ւ է Փաշինյանը նորից վերադառնում Տիգրան Մեծի ժամանակաշրջան` առաջ բերելով ներկաների ծիծաղը: Ո՞րն էր իմաստը անցյալին հղում անելու կամ պատմության հետ կռիվ տալու: Պատերազմ հաղթած և ուժի դիրքերում նստած պետության ներկայացուցիչն իրավունք չունի նման վախվորած, պաշտպանվողական ու շփոթված կեցվածքով ներկայանա միջազգային բաց քննարկմանը: Մի՞թե փակ հանդիպումներում էլ է այդպես: Ալիևյան պատից պետք չէ վախենալ, դա միևնույն է քանդվելու է:
Չգիտեմ, թե անվտանգության տեսանկյունից աշխարհին ի՞նչ տվեց Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատը, բայց մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության տեսակյունից լուրջ հետևություններ պետք է անենք:
P.S. «Օկուպացված տարածքներ» տերմինը երկրար ժամանակ ազերիները չէին կարողանում խցկել նունիսկ հասարակական կազմակերպությունների փաստաթղթերում, իսկ հիմա ամենաբարձր մակարդակով կիրառում են, ու մեր կողմից պատասխան չկա»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը