15 02 2020

Հասարակությանը ներարկվող չարությունը ոչ մի տեղ չի անհետանում․ 7or.am

Հասարակությանը ներարկվող չարությունը ոչ մի տեղ չի անհետանում․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Մարդիկ իրենց հիմնավոր մտահոգությունն ու արդարացի վրդովմունքն են արտահայտում բանակում, ոչ մարտական պայմաններում կորուստների դեպքերի վերաբերյալ: Մինչև արտահայտվում են, պարզվում է, մի ցավալի դեպք էլ է տեղի ունեցել: Այս տարվա ոչ լրիվ մեկուկես ամսվա ընթացքում արդեն 13-րդը: 13 զոհ: 13 ողբերգություն: 13 կորուստ: Ու ոչ մեկը մարտական գործողությունների հետ չկապված: 13 դժբախտացած ընտանիք, 13 որդեկորույս մայր...

Մարդու հոգին հիմնիվեր տակնուվրա անող դաժան իրականություն է:

Ցավ է, բայց ոչ մարտական պայմաններում կորուստներ, զոհեր եղել են բոլոր ժամանակներում: Ժամանակի ընթացքում, տարբեր քայլերի ու կտրուկ միջոցների արդյունքում հաջողվել է հասնել դեպքերի որոշակի նվազեցման: Բայց սա այն խնդիրն է, որի դեպքում անգամ այդ նվազեցումը գլուխ գովելու առարկա չէ, քանզի մեկ նման կորուստն էլ մեծ ցավ է, որը ոչ մի վիճակագրական ցուցանիշով չի չափվում: Մարդկանց ու ճակատագրերի, ընտանիքների մասին է խոսքն, ի վերջո:

Վերջերս, կարծեմ, վարչապետն էր բանակում նման դեպքերի վերաբերյալ թվային տվյալների հղում անում: Ու դրանից կարճ ժամանակ անց կյանքի դաժան իրողությունները ասվածի հակառակն են արտացոլում:

Ի՞նչ է կատարվում և ինչո՞ւ

Պատճառներն ու նման ծանր վիճակի հանգեցնող գործոններն իրականում շատ են, տարաբնույթ, երբեմն թվում է՝ ուղղակիորեն չփոխկապակցված: Բայց հետևանքները ակնհայտ են: Համենայն դեպս, իմ սուբյեկտիվ դիտարկումները մղում են հետևյալ, այսպես ասեմ՝ ենթադրություններին:

Խոշոր և ընդգրկուն նախապատճառներից մեկը մեր հասարակության ընդհանուր անքաղաքավարի, միջանձնային հարաբերությունների սաստիկ ցածր մակարդակն է, որ երբեմն ձգտում է բռիության: Դրանից ածանցյալ է հատկապես դեռահասների ու, ինչպես ասվում է՝ «աճող սերնդի» անդաստիարակ, անկիրթ վիճակը: Ու դա կապ չունի մեկ շնչին բաժին ընկնող ինտերնետիֆիկացված հեռախոսների քանակության հետ:

Սրանք մշտարդիական երևույթներ են: Ցավոք:

Մարդը, միգուցե ինչ-որ կրթություն ստանում է, բայց գործնականում ստացվում է, որ ոչ մեկի խնդիրը չէ նրա դաստիարակությունը: Ու դա առանձնապես ոչ մի հաստատության չի հետաքրքրել ու չի էլ հետաքրքրում: Սա՝ ընդհանուր առմամբ:

Ընդ որում, արդեն նկատելի է, որ եկել է զորակոչվելու հերթը այն 15-17 տարեկանների, որ երկու տարի առաջ իշխանափոխության ալեկոծումների ականատեսներն են, եթե ոչ՝ անմիջական մասնակիցները և՝ մեծ թվով: Նման վայրիվերումները չեն կարող ազդեցություն չգործել տվյալ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչների ընկալումների ու պատկերացումների վրա: Նրանք, օրինակ, կարող էին տեսնել և ընկալել, որ կարելի է թքած ունենալ գրված ու չգրված օրենքների վրա, որ կարելի է ուժի զոռով, «վրա տալով» ինչ-որ բանի հասնել:

Կոնկրետ վերջին ցավալի դեպքերը այլ բաներ էլ են հուշում: Ամենից առաջ, ակնհայտ է, որ բանակում, հատկապես՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքներում լուրջ թերացումներ կան: Կա կարգապահության մակարդակի անկում: Մինչդեռ կարգապահությունը ցանկացած բանակի հիմքերի հիմքն է: Ու այստեղ պետք է չուշանան բանակի ղեկավարության արագ ու կտրուկ քայլերը, որոնք որոշ չափով ուշացել են, բայց ամեն դեպքում՝ անհրաժեշտ են:

Պարզունակ պատկերացում և նաև ինքնախաբեություն է կարծել, թե խնդիրները «մայկա-տռուսիկի» հետ են կապված կամ սննդի հարց են: Խնդիրները, ցավոք, ավելի խորքային են, արագ հարուցվող ու դժվարությամբ, տևականորեն հաղթահարվող:

Մեկ այլ դիտարկում: Ատելությունը, չարությունը, ագրեսիվ անհանդուրժողականությունը, որ տիրապետող են դարձել մեր հասարակական կյանքում, չեն կարող իրենց զգացնել չտալ, չստանալ նման դրսևորումներ: Վատն այն է, որ գործող իշխանությունն ինքն է գեներացնում ատելություն ու չարություն և ահռելի դոզաներով նետում հասարակության մեջ կամ ներարկում հասարակությանը: Այդ չարությունը, այդ վերբալ ագրեսիան չեն անհետանում:

Ու դա միայն բանակում ոչ մարտական պայմաններում մահերով ու սպանություններով չէ, որ դրսևորվում է:

Նայեք, հենց պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ 2019 թվականին աճել է հանցագործությունների ընդհանուր թիվը, և որ ավելի վատ է՝ աճել են միջին ծանրության և ծանր հանցագործության դեպքերը: Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն է ավելացել՝ 2018-ին 224 դեպք, իսկ 2019-ին արդեն՝ 284: Աճել է սպանությունների թիվը՝ 47 դեպք (2018-ին՝ 35): Կան տվյալները, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն ծանոթանալ:

Բնութագրական է, որ ավելացել են խուլիգանության դեպքերը. եթե 2018-ին գրանցվել է 234 դեպք, ապա 2019-ին՝ 326, որից 75-ը կատարվել է զենքի գործադրմամբ (2018-ին՝ 53-ը):

Սա էլ, նկատեմ, Զինված ուժերում չէ, այլ մեր շուրջը, մեր ամենօրյա իրականության մեջ, ինչպես զինվորականները կասեին՝ քաղաքացիական կյանքում: Հո հենց այնպես, չեղած տեղից ու առանց ծնող պատճառների՞ չէ այս ամենը: Իսկ ո՞ւմ է դա առանձնապես հուզում:

Ի դեպ, հիշեք, թե լրահոսում քանի անգամ ու որքան հաճախ եք վերջերս հանդիպել հրապարակումների տարբեր ծեծկռտուքների, դանակահարությունների մասին, որոնց մասնակիցները երիտասարդներ են, անգամ՝ պատանիներ: Իսկ չէ՞ որ այդ տարիքի երիտասարդներն են զորակոչվում բանակ: Ի՞նչ է, համազգեստ հագնելով նրանք միանգամից կերպարանափոխվո՞ւմ են:

Այո՛, սպաների խնդիրն է, որ փոխվեն: Բայց ոչ միայն նրանց խնդիրն է:

Դժվար է ինչ-որ կոնկրետ ու պատրաստի «դեղատոմսեր» առաջարկել: Նախ դրանք գտնել է պետք: Բայց ամենից առաջ պետք է հրաժարվել գոնե ինքնախաբեությամբ զբաղվելուց, պետք է հրաժարվել «սիրո» փաթեթավորմամբ ներքին ատելության ու չարության տարածումից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ