15 02 2020

Շուտով խնդիր կառաջանա վերականգնել սահմանադրական կարգը

Շուտով խնդիր կառաջանա վերականգնել սահմանադրական կարգը

Գործող իշխանության մոգոնած հրատապ հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր պատկեր է ուրվագծվում: Ի դեպ, դեռևս «այո»-«ոչ»-ի քարոզարշավը չի էլ սկսվել, այսինքն պաշտոնական քարոզչությունը չի մեկնարկել: Բայց, եթե այդ օրենսդրական «մանր» հարցը խոչընդոտ չէ վարչապետ Փաշինյանի համար, ապա այն խոչընդոտ չէ ոչ մեկի համար, ընդհանրապես:

Բայց հետաքրքրական է ոչ այնքան դա, որքան քաղաքական տարբեր ուժերի արձագանքը: Արդեն հայտնի է, որ ՀՅԴ-ն կոչ է արել քաղաքացիներին՝ «մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն»:

Գրեթե նույն կերպ, ՀՀԿ-ն, հանրաքվեի քայլը բնորոշելով որպես արկածախնդրություն, «պետականությունը քանդելու հերթական քայլ», հանրաքվեի օրակարգը՝ կործանիչ, «չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին», հայտարարեց, որ որոշում են ընդունել հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

ԲՀԿ-ն մի կողմ է քաշվել հանրաքվեի հարցում, ինչպես մի կողմ քաշված կեցվածք դրսևորեց խորհրդարանում այդ հարցի քննարկման ժամանակ: «Լուսավոր Հայաստանը», հնարավոր է, կգնա Փաշինյանի իշխանությանը հակադրվելու ճանապարհով: Նման տակտիկական քայլով, ի լրումն ամենի, մարուքյանի ԼՀԿ-ն կարող է լուծել նաև ընդդիմադիր ուժի լրացուցիչ տեղեկանք ստանալու խնդիրը:

Հարկավ, երկրում կան նաև այլ քաղաքական ուժեր, կուսակցություններ, որոնք առաջիկա օրերին կհստակեցնեն իրենց դիրքորոշումը, եթե արդեն չեն արել դա:

Իշխանության եկած ՔՊ-ն կամ «Իմ քայլը» դաշինքը, հասկանալի է, միահամուռ «ուռա», կներեք՝ «այո» բացականչելու դիրքերում է, բրեժնևյան լճաման հանգույն՝ երկարատև, որոտընդոստ ծափահարություններով-բանով:

Սակայն հարցեր կան: Նախ, հարց է ընտրողների մասնակցությունը: Սահմանադրության փոփոխությունների հարցերով հանրաքվեներին (եթե 1995-ի «ընդունման» հանրաքվեն չհաշվենք, 3 անգամ է նման բան կազմակերպվել 2003, 2005 և 2015 թվականներին) ընտրողներն առանձնապես մեծ խանդավառությամբ չեն արձագանքում, որպես կանոն, մասնակցության ցուցանիշը ցածր է: Եթե ելնենք այն բանից, որ ԱԺ վերջին արտահերթ ընտրությունների ժամանակ պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանում կա ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար քաղաքացի, ապա հանրաքվեով «այո»-ն անցկացնելու համար Փաշինյանի իշխանությանն անհրաժեշտ կլինի առնվազն 650 հազար, եթե ավելի տառացի, ապա՝ 648 հազար 250 «կողմ» կամ «այո» քվեաթերթիկի առկայություն:

Նույն այդ 2018թ. դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններին, ըստ ԿԸՀ պաշտոնական արձանագրության, գրացված ընտրողներից մասնակցել է ընդամենը 1 միլիոն 261 հազար քաղաքացի: Այսինքն ընդհանուրի կեսից էլ քիչ: Հիմնականն այս դեպքում այն է, որ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն ստացել է 884 հազար 864 քվե: Այսինքն, զուտ թվաբանորեն, նույնիսկ ընտրողների 50 տոկոսից ցածր մասնակցության պարագայում, Փաշինյանը պետք է որ 650 հազար «այո» հավաքելու խնդիր չունենա: Մանավանդ, եթե նկատի ունենանք հայաստանյան ընտրական «ավանդույթները», հատկապես՝ իշխանություններին ձեռնտու թվեր ստանալու պահով:

Հարց է միայն, թե արդյո՞ք նույն 880 հազարը կգան «այո» ասելու: Վերջին հաշվով, թե Փաշինյանն անձամբ, թե նրա ուսապարկի ստվերում ԱԺ անցած մեծամասնության մեծ մասը արդեն ավելի քան մեկ տարի ամեն ինչ անում են, որպեսզի նշված 880 հազար հայրենակիցներին ապացուցեն, որ նրանք սխալվել են կամ այնքան էլ խորը չեն մտածել՝ քվեարկելով «իրքայլի» օգտին:

Մեկ այլ խնդիր է հենց հանրաքվեի պահը: Վերջին հաշվով. մեկ բան է «թավշյա» ոգևորության ալիքի վրա թրաշյա «հեղափոխականներին» ընտրելը, մեկ այլ հարց է Սահմանադրության առաջարկվող հակասահմանադրական փոփոխությանը դրական պատասխանելը:

Ինչ վերաբերում է հանրաքվեն բոյկոտելու կոչերով հանդես եկած քաղաքական ուժերին, ապա հարց է ծագում. արդյո՞ք դա լինելու է բացարձակ անտեսում, թե՞ նույն ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ինչո՞ւ ոչ՝ ԲՀԿ-ն նաև իրենց կազմակերպչական ռեսուրսները կօգտագործեն ապրիլի 5-ի միջոցառման ընթացքը վերահսկելու համար: Վերջին հաշվով, եթե չլինի որևէ վերահսկողություն կամ թույլ վերահսկողություն լինի, ապա գործող իշխանությունը ինչ թիվ ուզի՝ կնկարի:

Ընդհանուր առմամբ, նախնական տպավորությունն այնպիսին է, որ ՍԴ գործող կազմը ցրելու և Փաշինյանին հնազանդ ՍԴ կազմ ձևավորելու հարցով (էության մեջ հենց այդ հարցն է) հանրաքվեն կարող է տեղի ունենալ քաղաքական առավել նկատելի ընդդիմադիր ուժերի կողմից նվազագույն դիմադրության պայմաններում: Ուրվագծված մոտեցումը, գոնե բոյկոտողների դեպքում այն է, որ իշխանությունը հակասահմանադրական և սխալ քայլ է պատրաստվում անել, շատ է ցանկանում այդ քայլն անել, ուստի՝ թող անի ու «կրակն ընկնի», միևնույն է, հենց այդ իշխանությունը հեռանա, հարկ կլինի վերականգնել սահմանադրական կարգը:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ