Politik.am-ը գրում է․ «Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սահմանադրական հանրաքվեն կարող է նույնիսկ խթան հանդիսանալ տնտեսության համար, եւ վկայակոչում է, որ այն կարող է ընտրական տուրիզմի միջոցառման վերածվել, սակայն չոր հաշվարկները այլ բան են ասում։
Նախ, Սահմանադրական հանրաքվեն պետության վրա կնստի ոչ պակաս, քան 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդքան գումար վճարելու են ՀՀ հպարտ, ոչ այնքան հպարտ, սպիտակ եւ սեւ քաղաքացիները։ Իսկ հանուն ինչի։ Որպեսզի Նիկոլ Փաշինյանն ունենա իր գրպանային ՍԴ-ն, Վահե Գրիգորյանի նախագահությամբ։
Քաղաքական զոռբայությամբ աչքի ընկնող այս համապետական նշանակության քաղաքական միջոցառումը, կարող է իրականում խոչընդոտել ներդրումների հոսքին, քանի որ այն որոշակի վախեր կարող է առաջացնել բիզնեսի համար․ քաղաքական նման միջոցառումները միշտ են բիզնեսի համար, քանի որ դրանք բնույթով անկանխատեսելի են․ երբեք չես կարող կամարտահայտության վրա հիմնված որեւէ միջոցառման ելքը մինչեւ վերջ կանխատեսել, եթե ժողովրդավարական երկիր ես։
Թերեւս միայն Հյուսիսային Կորեայում կարելի է հանրաքվեի 100 տոկոսանոց կանխատեսելիության մասին խոսել։ Պատահական չէ, որ համաշխարհային պրակտիկայում էլ ընտրությունների եւ հանրաքվեների տարում լուրջ տնտեսական ձեռնարկներից աշխատում են խուսափել, որքան հնարավոր է։
Մեր դեպքում, ըստ որոշ փորձագետների հաշվարկների, այդ կորուստները կարող է կազմել 20-30 միլիոն դոլար։ Ստացվում է, որ հանուն Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ դառնալու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքի, ՀՀ հպարտ քաղաքացիները եւ մյուսները վճարելու են ոչ պակաս, քան 30- 40 միլիոն դոլար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը