13 02 2020

Ադրբեջանը փորձում է ժողովրդավարության ձախողումը քողարկել հակամարտությամբ․ ԱԳՆ

Ադրբեջանը փորձում է ժողովրդավարության ձախողումը քողարկել հակամարտությամբ․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ  Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին:

Հարց. Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաև, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

 Պատասխան. Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից:

Մենք ծանոթ ենք ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով:

Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ