10 02 2020

Վեթինգը ձախողեցին, դատարանների շրջափակումը ձախողեցին, հանրաքվեն էլ են ձախողելու

Վեթինգը ձախողեցին, դատարանների շրջափակումը ձախողեցին, հանրաքվեն էլ են ձախողելու

Դատաիրավական համակարգը բարեփոխելու ցանկությամբ սկսված ու այն համաժողովրդական հանրաքվեով ավարտելու ցանկությամբ պայմանավորված իրադարձությունների շղթայի բոլոր օղակներում օրվա ռեժիմը ձախողվել է ու հիմա ևս ձախողվելու է։ Ձախողվեց վեթինգի սպառնալիքը, դատարանները շրջափակելու միջոցով իրենց կամքը դատավորներին պարտադրելու վարչապետական հրամանը, Սահմանադրական դատարանը սեփականացնելու պլանը, տարատեսակ բլեֆների ու կաշառքի, շանտաժի ու սադրանքի միջոցով ՍԴ դատավորներին «կամավոր» հրաժարականի դրդելու հակասահմանադրական նախաձեռնությունը, ՍԴ-ն ու բոլոր օրինական, իրավական խոչընդոտները շրջանցելու հակասահմանդրական օրենքը կյանքի կոչելու օրինազանցությունը...

Ռեժիմի յուրաքանչյուր տապալումն ու տապալումների այս շղթան ժողովրդի վստահության ու միջազգային կառույցների ժողովրդավարական քննություններն անցնելու անկարողության, քաղաքական անպիտանության, գաղափարական ամլության ապացույցներ են։ Իբր արդեն նշանակված հանրաքվեն նախ կայանալու շանսեր չունի, ապա և` արդեն գրեթե տապալված է, քանի որ պարտադրվելու է մեր ժողովրդին։ Վարչապետ Փաշինյանի ԱԺ-ում ելույթի «մենք նրանց կպարտադրենք ուրիշ մի գործողություն» շեշտադրումը հենց դա է ապացում։

Հանրաքվեի «մեկնարկի» ահազանգը ևս հնչեց նշանակված ԱԺ մեծամասնությանն ուղղված թելադրանքի ձևով. «կայացնել Սահմանադրության հոդված 213-ը փոխելու սահմանադրական հանրաքվե նշանակելու որոշում»։ Օրվա վարչապեն ընդգծեց, որ ՍԴ նոր դատավորներն ընտրվելու են իր անձնական ցանկությամբ սահմանված կարգով։ Եվ նրանց առաջ պայման են դնելու` անվերպահորեն սահմանադրական ճանաչել և դակել ռեժիմի հնարած ու ԱԺ հլու մեծամասնության ընդունած անխտիր բոլոր, նույնիսկ հակասահմանադրական օրենքները։ Նաև հավելեց. «Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել, կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր»։

Այսպիսի ծավալուն ու բիրտ հարկադրանքի, անգամ իրավական հիմք ունեցող այլընտրանքն արգելելու պայմաններում ժողովրդի մեծամասնությունը չի մասնակցի հանրաքվեին, քանի որ ազատ, առանց պարտադրանքի ու վերահսկողության քվեարկելու շանս չի ունենալու։ Պարզ չէ նաև, թե ինչո՞ւ է ժողովրդի վրա բարդվում «սահմանադրական դատարանի հարցը լուծելու» իրավական ու քաղաքական պատասխանատվությունը, երբ նույն ժողովուրդին չի թույլատրվում որևէ կերպ մասնակցել իր օրախնդիր, կենսական նշանակություն ունեցող ու սոցիալական վիճակը պայմանավորող որոշումների կայացմանը։

Առանց սահմանադրական կարգը, սահմանադրությունն ու օրենքները ոտնահարելու` օրվա վարչապետի պատվիրած հանրաքվեն չի կարող կայանալ կամ ուղղակի հակասահմանադրական, անիմաստ, իրավական ուժից զուրկ կլինի։ Միայն ՍԴ-ի դրական որոշումից հետո նախագիծը կարող էր երկրորդ ընթերցում անցնել ու ԱԺ որոշմամբ ներկայացվել սահմանադրական հանրաքվեի։ Այս ամենը չի արվել, անձնական ու քաղաքական խիստ որոշակի նկրտումով ՍԴ-ն շրջանցվել է։ Փաստացի. ապօրինի կարգով ապօրինի սահմանադրական հանրաքվեի է դրվելու ապօրինի նախագիծ։ Այս կերպ անցկացված «սահմանադրական հանրաքվեի» արդյունքներն իրավաչափ չեն կարող լինել։

Անհրաժեշտ է հավելել նաև, որ չի կատարվել, շրջանցվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովի քննությանն ուղարկելու և եզրակացությունը ստանալը պարտադիր պահանջը։ Խախտվել, ոտնահարվել են իրավական պետության որոշիչ` իշխանությունների տարանջատման և իրավունքի գերակայության սկզբունքները։

Խիստ անհանգստացնող են նաև զուգահեռնող ու միաժամանակ կայացող իրողությունների անակնկալ համընկնումները։ Օրինակ այն, որ Արցախի խնդրի շուրջ ծածուկ, բայց խիստ տևական «զրույցները» ծրագրված է ակտիվացնել հենց գարնան սկզբին։ Այսինքն. այն փուլում, երբ առաջիկա մարտի 31-ին Արցախում նախատեսված են խորհրդարանական ու նախագահական խիստ բախտորոշ ընտրություններ։ Եվ տարօրինակ զուգադիպությամբ վարչապետ Փաշինյանը բստրեց, որ նույն օրերին` ապրիլի 5-ին նշանակվի ՀՀ ՍԴ-ի այս կազմից ազատվելու հանրաքվե։

Կարող է կայանալ մեկ ուրիշ հանրաքվե, եթե ժողովրդին պարտադրած հապշտապ ընտրությունների հետևանքով նշանակված ԱԺ մեծամասնությանը թելադրված «ընտրության» միջացավ վարչապետ դարձածը ցանկանա հեռանալ ժողովրդի կամարտահայտման արդյունքում։ Հանրաքվեն կլինի ժողովրդական անվստահություն հայտնելու, համազգային մերժումի իրոք ժողովրդավարական քայլ։ Միաժամանակ կապացուցի, որ «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարն իրականացել ու հաղթանակել է, իսկ Նիկոլ Փաշինյանի հռչակած «1+1» բանաձևը գործնականում եղել է «1+0-ներ» ու նրա անձին ոչ ոք ըստ էության երբեք էլ չի միացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ