Փետրվարի 8-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծը ԱԺ-ից ուղարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ով կիրակի երեկոյան ստորագրեց հրամանագիր «Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին»։
Առաջին բանը, որ ակամա մտածում ես այս հանրաքվեի մասին, դա Արցախում կատարվող իրադարձություններից հանրության ուշադրությունը շեղելն է։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան խորհրդավոր բանակցություններից սպրդած՝ «համատեղ բնակավայրերի մասին» խայտառակ թեզից է ուշադրություն պետք շեղել։
Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրություններում ուրվագծվող տարատեսակ միջամտություններից է ուշադրություն պետք շեղել։ Ինչո՞վ․․․ հայաստանյան մի անհեթեթ հանրաքվեի բիրտ քարոզարշավով, որտեղ իշխող ուժի, ավելի հստակ՝ վարչապետի նախնական մատուցմամբ, հակառակ տեսակետ ունեցողները «հակապետական» են համարվելու։
Իսկ դա նշանակում է, որ իշխող ուժը քարոզարշավն ի սկզբանե մոնոպոլացնում է․․․ եթե իհարկե հանրաքվեն անցկացվի, ինչն ըստ մասնագետների այնքան էլ հավանական չէ, քանի որ շատ նորմեր են խախտված։ Նաև ընթացքին ուշի ուշով հետևում են եվրոպական կառույցները և բացառված չէ, որ շատ կոշտ պահանջներ կդրվեն Վենետիկի հանձնաժողովի կողմից։
Կա նաև հանրաքվեն հենց իշխող ուժի կողմից չեղարկելու հավանականությունը, քանի որ Փաշինյանի գավավիժած վարկանիշի պայմաններում դժվար կլինի ապահովել անհրաժեշտ 648 հազար 285 կողմ քվեն։ Հիշենք, որ 2018-ի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ հեղափոխական էյֆորիայի ֆոնին, Փաշինյանը հավաքեց 884 864 կողմ ձայն։ Հանենք այս թվից նոր պրոբլեմների առաջ հայտնված անասնապահներին, ավտոներկրողներին, սևազգեստ մայրերին, փակված ծննդատների, բուժհիմնարկերի ու մանկատների անձնակազմերին, կառավարության դիմաց տարբեր բողոքի ցույցեր անողներին, ճանապարհներ փակողներին և այլն, և այլն․․․
Հանենք նաև այն մարդկանց թիվը, ովքեր նվազագույնը տարակուսանք են զգում՝ լսելով իշխանական շռայլ պարգևավճարների մասին։ 3-4 հազար դրամով բարձրացված թոշակների կողքին հազարավոր դոլարների աշխատավարձ-պարգևավճարները բնավ էլ ժողովրդի մասին մտածող իշխանության գործելաոճ չէ։ Հենց միայն ԱԺ-ում փետրվարին արդեն երկու անգամ պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով https://zham.am/?p=55810&l=am։ Անցած տարին էլ լավ էին փակել՝ դեկտեմբեր ամսին ԱԺ-ում 4 անգամ պարգևավճարներ են բաժանվել https://antifake.am/news/918։
Հազիվ թե այս խաբված ու հիասթափված մարդիկ կրկին հավատան փաշինյանական բոցաշունչ ելույթներին։ Նրան հատկացված 1,5-2 տարվա հավատի լիմիտը սպառված է, սպասելիքներն արդարացված չեն, ոչ մի խոստում իրականցված չէ, կոռուպցիան նոր դրսևորումներ է ձեռք բերել, ժողովրդի կենսամակարդակը չի բարձացել․․․ Եվ ի վերջո, բոլորն էլ հասկանում են , որ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը դադարեցնելու հարցն այն թեման չէ, որ բյուջեից 1,5-2 միլիարդ ծախսվի և հասարկությանը երկու ամիս անընդհատ սթրեսի ենթարկեն։ Ասենք, վերջին երկու տարիները ցույց տվեցին, որ ներկա իշխանությունները հենց այդ երկու բանն են կարողանում լավ անել՝ բյուջեն մսխել և մարդկանց նյարդային վիճակում պահել։
Գործերի առկա վիճակով հանրաքվեի անցկացումը կհանդիսանա ընդդիմությանը միավորող խթան։ Որքան էլ «ջուրը դեռ չմտած» Փաշինյանը հասկացնում է իր միահեծան իրավունքները և «իրավական կամ այլ խոչընդոտներ ստեղծողների» իրավունքների բացակայությունը, այնուամենայնիվ չի ստացվի վախեցնելով լռեցնել այն ուժերին, ովքեր դեմ են Հայաստանը բռնատիրական երկիր դարձնելուն։ Մեծ հաշվով, այս հանրաքվեն կդառնա «Կոնսենսուս մինուս 1» -ի վերջնական ակորդը՝ հազարերոդ անգամ ապացուցելով «ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ» ճշմարտությունը։
Այնպես որ, առա՛ջ, թող լինի հանրաքվե մի անհեթեթ հարցի շուրջ, որը սակայն առիթ կդառնա թմբիրից արթնացած հանրության լայն շերետերին «ո՛չ» ասել բռնապետության ճամփեն բռնած իշխող ուժին։ Բայց եթե կորցրած հավատով դարձյալ կխաբվեն «բարի նպատակներին», ուրեմն մեր երկրի վիճակն իրոք ողբերգական է։
Իսկ եթե իշխանությունն ուզում է բարձր մասնակցություն ապահովել, ապա ընդամենը պետք է հանրաքվեի քվեաթերթիկում ավելացնել ևս մեկ հարց՝ «Վստահո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին»։ Վերջապես գոնե պե՞տք է իմանանք, թե այսօր քանի տոկոսանոց իրավունք ունի իշխող ուժը ժողովրդի անունից խոսելու համար։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը