168․am-ը գրում է․ «Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել և զրուցել է տպագիր մամուլի խմբագիրների հետ։
Հարցին՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ եղե՞լ են արդյոք կոնկրետ հանձնարարականներ ինչ-որ բան գտնել և նստացնել, պատասխանել է․ «Կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր, բոլորի նկատմամբ։ Ես չեմ ուզում մասնավորեցնել․․․»։
Նա ըստ էության խուսափեց ներկայացնել իր և Փաշինյանի առանձնազրույցնենրի մանրամասները։ Ա․ Վանեցյանը հաստատեց, որ իր հրաժարականը հետևել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
«Այո, իմ հրաժարականը հետևել է դրան։ Կապը նա է, որ արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի նախագահ լինելու հանգամանքը։ Հիմա ես չեմ պատասխանի Ձեր հարցին՝ ինձ եղե՞լ է ուղիղ հանձնարարական, չի եղել․ ես ասում եմ, որ իմ հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այս հարցում անհամաձայնությունը։ Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչը, որը, ցավոք սրտի, տեղ չի հասել»,-ասել է նա։
Անդրադառնալով Ռ․ Քոչարյանի կալանավորման հանգամանքներին՝ ասել է․ «․․․Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից։ Ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը, հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք բացահայտմանը»։
Ա․ Վանեցյանն առաջիկայում նոր ստեղծվող կուսակցությամբ մուտք կգործի ակտիվ քաղաքականություն։
«Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին՝ ես դա չէի կոչի՝ Ռոբերտ Քոչարյանի գործ, «Մարտի 1»-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց «Մարտի 1»-ի գործ ասելիս՝ հասկանում ենք, որ առաջնահերթությունը պետք է տրվեր 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ:
Իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվի: Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը դեմ է «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը»:
Տեսանյութը՝ «Իրավունք» թերթի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը