04 02 2020

Փաշինյանին Եվրոպայից հորդորում են սթափվել, բայց կսթափվե՞ն...

Փաշինյանին Եվրոպայից հորդորում են սթափվել, բայց կսթափվե՞ն...

Հայաստանի իշխանությունը շարունակում է տհաճ պատմություններ կուտակել մեր պետության գլխին: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի վերջին՝ փետրվարի 3-ի հայտարարությունը, որով անդրադարձել է ՀՀ իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծած արհեստական լարվածությանը, որոշակիորեն և՛ սթափության կոչ է, և՛ կրկնակի «դեղին քարտ», որն անտեսելը կարող է արտաքին-քաղաքական լուրջ խնդիր դառնալ Եվրոպայի խորհրդի հետ մեր պետության հարաբերություններում: Այն անտեսելը նաև լրջագույն ներքին խնդիր է դառնալու՝ պետության կառավարումը բացարձակ անձնիշխանության մղելու, իշխանության ճյուղերի հակակշռումը վերացնելու և ժողովրդավարական գործընթացներում հետադիմելու առումներով: «Քայլային» մեծամասնությունը, սակայն, հակված է ևս մեկ ռեգրեսիվ քայլ անել:

Իսկ ի՞նչ է ասել Վենետիկի հանձնաժողովի նախագահը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ըստ էության, նա հիշեցրել է Վենետիկի հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին: Մասնավորապես այն, որ «Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի իրապես կամավոր լինել, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա»: Ապա Ջաննի Բուքիքիոն նշել է, որ վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այդ չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի լարվածության թոթափմանը: «Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,-ընդգծել է նա:

Չնայած քաղաքավարությանն ու «բոլոր կողմերին» ուղղված լինելու ստանդարտ արտահայտությանը, հասականլի է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կոչի կամ սթափության մի վերջին հորդորի բուն հասցեատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, վերջին մեկուկես տարում իր ձևավորած իշխանությունով հանդերձ: Խայտառակություն է, բայց փաստ ու աննախադեպ իրողություն, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ՀՀ իշխանություններին դիմում է արտահայտություններով, որոնք սազական ու կիրառելի են բռնապետության հակված վարչակարգերի դեպքում: Մինչև այժմ Հայաստանի հետ սահմանադրական իրավունքի եվրոպական այս հեղինակավոր կառույցը նման բառապաշար չէր գործածել: Բանն այնտեղ է հասել, որ ամեն տեսակ սուտուփուչ հայտարարություններով ու խոստումներով իշխանության հասած հայրենի անզուսպ «հեղափոխականներին» դրսից ստիպված են տարրական բաներ բացատրել:

Առաջին լուրջ ազդանշանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հայտարարությունն էր: Փաշինյանի կառավարությունը ձևացրեց, թե ոչինչ էլ չի պատահել, նույնիսկ ողջունեցին այդ հայտարարությունը: Թեպետ, Սահմանադրական դատարանի դեմ կամ պետական իշխանության այդ ճյուղն էլ իրենցով անելուն նպատակաուղղված մի շարք նախագծերի փաթեթը ԱԺ-ով «անցկացնելու» արտահերթ նիստը մի պահ հետողորմյա արեցին, բայց հետո նորից որոշեցին, որ, չէ, պիտի ԱԺ արտահերթ նիստ այնուամենայնիվ անեն ու նախատեսած օրինագծերը «սղղացնեն»՝ ասել են, արդեն: Դրան արդեն հետևեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի նշված կոշտ հայտարարությունը: Թե՝ պարոնայք ՀՀ իշխանություն, ձեր գործողություններով խախտում եք այս, այս և այն սկզբունքները:

Համառոտ պետք է հիշեցնել (հատկապես ոմանց), որ Վենետիկի կամ պաշտոնական անվանմամբ՝ «Իրավունքի միջոցով՝ ժողովրդավարության» Եվրոպական հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է, որը կազմված է սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ ու նաև հեղինակավոր փորձագետներից: Այո, սա խորհրդատվական մարմին է, նաև՝ չի տալիս քաղաքական գնահատականներ: Բայց երբ բանը հասնում է նման խիստ բնորոշումների, ինչպիսիք արտացոլված են Վենետիկի հանձնաժողովի նախագահի վերջին հայտարարության մեջ, ապա անխուսափելիորեն կարող են ծագել նաև արտաքին-քաղաքական խնդիրներ: Ամեն դեպքում, նման իրավիճակը հարված է պետության վարկանիշին:

Եվ որտեղի՞ց ծագեց խնդիրը, ՍԴ կողմից դիտարկվելիք ի՞նչ գործերի արդյունքների վրա չազդելու մասին է թափանցիկ ակնարկում Վենետիկի հանձնաժողովի նախագահը:

Որքան էլ տեսանելի է, որ Փաշինյանի կառավարության նպատակը ՍԴ-ն ամբողջությամբ գրավելն է, նույնքան հանրահայտ է, որ Սահմանադրական դատարանի վրա վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ «թավշյա» ռեժիմի հարձակումներն սկսվեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները վարույթ ընդունելուց հետո: Նույն կերպ՝ դատական համակարգի, բոլոր դատարանների դեմ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարձակումն ու օրինականության զանգվածային խախտումն իրականացվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործով նրա խափանման միջոցը փոխելու մասին դատական ատյանի որոշումից հետո: Նույն կերպ, ու նույն գործով Նիկոլ Փաշինյանի հրամանը չկատարել հանդգնած դատավորների դեմ կատաղի հարձակում իրականացվեց գործադիր իշխանության կողմից:

Եվ եթե դատարանների ու մնացյալ դատավորների մեծ մասի դեպքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ ճնշումներով կամ դրանց սպառնալիքով որոշ ժամանակավոր հաջողություն գրանցել, ցույց տվեց, որ դատավորների մի մասն իսկապես էլ իր պատի տակ վնգստացողներ են, ապա այդ հնարքը չանցավ ՍԴ-ի դեպքում: ՍԴ նախագահն ու դատավորները տեղի չտրվեցին, չնայած ոչ պակաս վայրագ ճնշումներին, օրինականության և մարդկայնության նորմերը ոտնահարող քայլերին:

Եվ հիմա Փաշինյանի «թավշյա» ռեժիմը փորձում է օրինական տեսք հաղորդել ՍԴ-ն գործնականում զավթելու, կառավարության կրնկի տակ դնելու իր քայլերին: Պարզ է, որ մեծ նպատակը կամ մաքսիմում ծրագիրը հենց այդ է: Բայց պարզ ու նկատելի է նաև Նիկոլ Փաշինյանի վախն այն բանից, որ վաղը-մյուս օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը օրենքի ուժով կփոխվի և նա կալանքից կազատվի:

Հավանական է, որ Փաշինյանը ցուցադրաբար կանտեսի նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահի կոչերը: Հնարավոր է նաև, որ իրենց բնորոշ զոռբայությամբ ՍԴ-ի դեմ ուղղված վիճելի նախագծերն էլ արտահերթ կդակեն: Բայց դա ոչ միայն ոչ մի հարց չի լուծելու, այլև ավելի  ու ավելի է բարդացնելու իրավիճակը, ու բարդացնելու է ոչ միայն ներքաղաքական լարվածության առումով, այլ արդեն նաև եվրոպական կառույցների հետ Հայաստանի հարաբերություններում: Իսկ դիտելով թե նույն եվրոպական կառույցները որքան հանդուրժուղական վերաբերմունք ունեին Փաշինյանի իշխանության արած՝ մի շարք իրավունքի և սահմանադրականության հետ կոպիտ ոտնձգություններին, կարելի է եզրակացնել որ նրանք անգամ հովանավորն էին այս նույն իշխանությանը, և որի անմտածված և անհեռանկար ջղաձգումներին այլևս չեն պատրաստվում լուռ դիտել։ Վերջիվերջո, նաև իրենց՝ եվրոպացիների հեղինակությունն էլ է նժարի վրա:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ