31 01 2020

Գրիչ, գրիչ, մինչև վերջ․ 7or.am

Գրիչ, գրիչ, մինչև վերջ․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Զարմանալի է այն հետևողականությունն ու համառությունը, որով Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է իր ոչ միայն ռեյտինգը, այլև վերացնում է սեփական մտածողություն ունեցող կողմնակիցների հարգանքն անգամ:

Սահմանադրական դատարանն ամեն գնով, այդ թվում՝ իշխանազանցությամբ և օրենքները տրորտակ տալով զավթելու նպատակը արդյոք համադրելի՞ է նման կորուստներին, որ վերջնահաշվում կործանելու են հենց իրեն:

Չէ, դա արդեն մտասևեռում էլ չես համարի: «Գրչապատման» խայտառակությունը, երևի քիչ համարվեց: Օրերս գործարկվեց մի նոր «օպերացիա»՝ Հ1-ի ներգրավմամբ, նաև՝ իրավական և քաղաքական կոպտագույն սխալներով: Նիկոլ Փաշինյանը նորից մոռացավ, որ ինքը վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, արագորեն տարածեց Հ1-ի միջոցներով պատրաստված բացարձակ միակողմանի, կոնկրետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին միտումնավոր վարկաբեկելու նպատակ հետապնդող «նյութը», որին ավելի կվայելեր «մուղդուսիական մատնազրպարտագիր» բնորոշումը:

Նախ, Հ1-ի «նյութի» մասին: Բացառապես իշխանության քննչական մարմնի վիճարկելի տվյալների հիման վրա կազմված տեքստի հեղինակները «մոռացել» են, որ այդ ամենը դեռ պետք է ապացուցվի, դեռ պետք է հասնի դատարան, և եթե հասնի դատարան, դեռ պետք է այնտեղ համակողմանի քննվի: Ու դեռ մեծ հարց է, թե մեղադրական դատավճռի կվերածվի՞: Կարճ ասած, «անմեղության կանխավարկածի» և որևէ խնդրահարույց տեղեկություն ներկայացնելու մասնագիտական մոտեցման, այսինքն՝ երկրորդ կողմի կարծիքը ներկայացնելու սկզբունքի կոպիտ խախտումներն ակնհայտ են:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նա իսկապես էլ դրսևորվեց իր սիրած աննախադեպ տարբերակով: Աննախադեպն այստեղ այն է, որ նույնիսկ Հայաստանի կարգի՝ «միջին աստիճանի ժողովրդավարությամբ» պետությունների դեպքում դժվար է գտնել համադրելի օրինակներ, երբ կառավարության ղեկավարը, տվյալ ժամանակահատվածի խորհրդարանական մեծամասնության գլխավոր ներկայացուցիչը հարձակվում է իշխանության այլ ճյուղի վրա՝ այն զավթելու ակնհայտ նպատակով: Իրավաբանությունից տեղյակները մեկնաբանություններում հուշում են քրեական օրենսգրքի հոդվածներ, որոնց հատկանիշներն առկա են վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գործողություններում:

Բայց դա հարցի դեռ մի կողմն է:

«Գրչի» վրա Փաշինյանի խայտառակ սայթաքումից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տված հարցազրույցը եկավ հաստատելու այն ընկալումը, որ վարչապետն ու «իր քայլը» ՍԴ դեմ պայքարում դաժան պարտություն են կրել: Ըստ որում, նկատեմ, որ Թովմասյանը, իր զբաղեցրած պաշտոնի պահանջներին համապատասխան, ոչ մի քաղաքական գնահատական չտվեց իր դեմ օրվա իշխանության ձեռնարկած հակաիրավական, նաև՝ ցածր ու մարդկային տեսանկյունից էլ անընդունելի հարձակումներին, բայց նաև քաղաքականապես ոչնչացրեց հարձակման հեղինակներին:

Երևի իրենք էլ դա հասկացան կամ զգացին: Որպես արդյունք՝ ավելի կատաղի ու կոպիտ հարձակում սկսվեց կամ վերսկսվեց: Բայց դա ոչ միայն ապարդյուն, այլև արդեն տանուլ տված պարտիա է: Այո՛, այս իշխանություններն ընդունակ են անգամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Հրայր Թովմասյանի նկատմամբ: Դա էլ է հնարավոր: Այո՛, իշխանությունն, առհասարակ, իր ռեպրեսիվ կառույցներով միշտ էլ առավելություն ունի ցանկացած օպոնենտի, նկատմամբ, բայց հաճախ հենց այդ քայլերն առաջինը նույն իշխանությանն են հետադարձ հարվածում:

Երկրի հեղինակության, վարկանիշի ու նման բաների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Դա այս իշխանությանն ընդհանրապես չի հետաքրքրում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ