30 01 2020

«Նոր Հայասատան» նշանակում է վերադարձ 37 թվականի «Հին Հայաստանի՞ն»․ Zham.am

«Նոր Հայասատան» նշանակում է վերադարձ 37 թվականի «Հին Հայաստանի՞ն»․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «2018-ի ապրիլից  անցել է  ընդամենը երկու տարի, սակայն այս ժամանակահատվածում Փաշինյանի քայլերի արդյունքում 2018-ի հեղափոխական արժեքները ամբողջովին արժեզրկվեցին: Երկու տարի առաջ մարդիկ ուրախ էին և երջանիկ. նրանք հավատում էին, որ հնարավոր է կառուցել իսկապես արդար Հայաստան: Որտեղ իշխանության ձևավորման գործընթացը արդար բնույթ կունենար, որտեղ ուժային կառույցի ներկայացուցիչները լկտիաբար մարդկանց առանց հիմքի չէին ձերբակալի, որտեղ դատավորները անկախ որոշումներ կկայացնեին, որտեղ իշխանավորը հաշվետու կլիներ հանրությանը, իսկ երկրի ղեկավարն էլ կունենար լայն հանրային հենարան:

Երկու տարի անց ստացանք գրեթե 180 աստիճան հակառակ պատկեր: Իշխանությունը արդար ձևով չձևավորվեց այլ,  և  ինչքան անբան, անպիտան մարդ կար դարձավ օրենսդիր մարմնի «կոճակ սեղմող»: Դատարանների կախվածությունը երկրի ղեկավարից դարձավ էլ ավելի կոշտ և բացահայտ: Իսկ երկրի կառավարման բովանդակությունը  կլանաօլիգարխիկ բնույթից դարձավ  նեղ ընտանեկան, որտեղ երկրի ղեկավարի աներորդին ավելի շատ է ինֆորմացված, քան Կառավարության բոլոր անդամները, ինչպես նաև  Ազգային ժողովի ներկայացուցիչները: Այսպիսի կառավարման մոդել նույնիսկ Ադրբեջանում չի հաստատվել, քանզի այդ երկրի ղեկավարի աներորդին,  դուստրը կամ կինը ներքաղաքական խնդիրների մեջ չեն մտնում:

Վարչապետի  ցանկությունը երկրում վախի մթնոլորտ սերմանելն  այնքան բացահայտ է, որ նույնիսկ իր կողմնակիցներն են զգուշանում բացահայտ բլեֆները՝  որպես իրականություն ներկայացնելը: Սակայն այս ամենի ամենավատը այն է, որ Փաշինյանը փորձում է մարդկանց մոտ արթնացնել այն հատկությունները, որոնք կային 1937 թ.-ին և, որի պատճառով ԽՍՀՄ-ի ժողովուրդները  մեծ դժբախտություն ապրեցին: Պարզվում է՝  37-ի գործ տալու հատկությունը քնած է եղել հանրության մի մասին մոտ և հենց այդ շերտի վրա է ուզում հենվել նաև Փաշինյանը: Այսինքն՝  նրա պատկերացմամբ, «Նոր Հայաստան» եզրույթը հենց բոլորի կողմից լավ մոռացված «37-ի Հին Հայաստանն է»: Որից պետք է հետևություն  անենք մենք բոլորս՝  և հեղափոխականները, և հակահեղափոխականները: Քանզի Փաշինյանի պատկերացումները ոչ մի կապ չունի իրական այն հեղափոխական երազանքի հետ, որն ուներ մեր հանրությունը 2018-ի ապրիլին:

Սա է իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ