30 01 2020

Փաշինյանի հարձակումները ՍԴ-ի վրա հիմքեր են տալիս սկսելու նրան իշխանությունից հեռացման գործընթացը. Zham.am

Փաշինյանի հարձակումները ՍԴ-ի վրա հիմքեր են տալիս սկսելու նրան իշխանությունից հեռացման գործընթացը. Zham.am

Zham.am-ը գրել է.

Արմեն Գևորգյանի մարտի 1-ի մեղադրական հիմքում ընկած է ընդամենը Վիկիլիքսի այն տեղակությունը, որ իբր Արմեն Գևորգյանը հարցրել է ՍԴ դատավորի անդամին, թե ինչ է նա մտածում 2008 թ.-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ ՀՔԾ-ի՝ այդ հարցումը համարվում է «ճնշում ՍԴ դատավորի վրա»: Եվ այս դրվագը համարվում է 2008 թ-ին, իբր «Սահմանադրական կարգի տապալման տարրերից մեկը»: Իսկ հիմա փորձենք այս ամենը համեմատել այն գործողությունների հետ, որոնք իրականացվում է Փաշինյանի կողմից ներկայիս ՍԴ-ի դեմ: Համեմատության եզր անգամ չկա: Քանզի այն ինչ որ կատարվում է այսօր դասական պետական հեղաշրջման փորձ է, որն իրականացվում է բոլորի առջև: Քանզի իշխանության մի թևը ուզում է վերացնել իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին, և նրանց տեղը համալրել իր դրածոներով: Սա Սահմանադրական կարգի տապալման ամենադասական ձևն է, որն այսօր փորձում է ՍԴ-ի դեմ իրականացնել և Փաշինյանը, և նրա շրջապատը:Իրենց այդ քայլերով Փաշինյանը, և նրա շրջապատը հայտնվում են օրենքից և սահմանադրական կարգից դուրս՝ անկախ նրանից, թե իրենք լեգիտիմ են ձևավորվել որպես իշխանություն, թե ոչ:

Սակայն, քանի որ խոսք գնաց լեգիտիմության մասին, ապա հատուկ պետք է կանգ առնել այս դրույթի վրա, քանզի Փաշինյանն ամենաշատը հղում է անում հենց այս կետի վրա:

Հրայր Թովմասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է, և ուրեմն լեգիտիմ է նրա հեռացման պահանջը, սակայն իր բնույթով հակապետական պահանջ է.Ինչու՞

Դիցուք Հրայր Թովմասյանը նախկինում եղել է ՀՀԿ անդամ, կամ գուցե նույնիսկ այսօր նա իր հայացքներով հարում է այդ ուժին: Եթե Փաշինյանի հիմնավորումը համարենք հասկանալի, ապա կստացվի, որ Փաշինյանից հետո հաջորդ իշխանությունը իրավունք կունենա հեռացնել արդեն Փաշինյանի կողմից նշանակված ՍԴ-ի անդամներին, նույն այն հիմնավորմամբ, որ այսօր Փաշինյանն է ներկայացնում ներկայիս ՍԴ-ի անդամների հանդեպ: Այսինքն՝ կստացվի, որ Հայաստանում կդրվի մի ավանդույթ, որ օրենսդիր և գործադիր իշխանության փոխվելու հետ միասին պետք է փոփոխվեն նաև ՍԴ և մնացած բոլոր դատավորները նույնպես:

Այսինքն, եթե Փաշինյանին հաջողվի այս խնդիրը լուծել, ապա նա փաստացի կվերացնի երկրում դատական իշխասնության անկախությունն արդեն բացահայտ ձևով: Իսկ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ իշխանության երեք ճյուղերն անկախ են իրարից և մեկը մյուսին չի կարող վերացնել:

Եթե այս ամենը կատարվեր ցանկացած այլ երկրում, ապա այդ երկրի ղեկավարը վաղուց արդեն հեռացված կլիներ իշխանությունից, և նրա հանդեպ մեղադրանք կառաջադրվեր «Սահմանադրական կարգի տապալման» մասով: Օրինակ՝ Թրամփը նույնպես լեգիտիմ է ընտրված, սակայն նրան իմպիչմենտ է հայտարարված միայն այն բանի համար, որ «խոչընդոտել է Ուկրայինային օգնության տրամադրումը՝ իր անձնական շահերից ելնելով...»: Եթե Փաշինյանի գործողությունները լինեին ԱՄՆ-ում, ապա նրան անմիջապես կկանգնեցնեին դատարանի առջև, քրեական բազմաթիվ մեղադրանքներով:

Այն ինչ որ կատարվում է Հայաստանում աննախադեպ է և ամոթ: Ավելին՝ նմանօրինակ գործողությունները հանդուրժելն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Որոշ ժամանակ անց, մենք ազգովի ամաչելու ենք, որ այս ամենը հանդուրժել ենք: Քանզի այս աստիճանի գավառական, պրիմիտիվ հանրությունը իրավունք չունի այս տարածաշրջանում ամբիցիոզ խնդիրներ դնել: Այսպիսի ցածր քաղաքական մշակույթ ունեցող ժողովուրդն ընդանրապես իրավունք չունի միջազգային ասպարեզներում խոսել օրենքից, արդարությունից և այլ կատեգորիաներից:

Ինչո՞ ւ ենք զարմանում, որ 1915-ին մեզ բոլորը լքեցին: Ամոթ չէ՞ այս աստիճանի պարզունակ լինել և ազգովի դառնալ մեկ մարդու գավառական կապրիզների զոհը:

Այս մասին մենք բոլորս պիտի մտածենք և հասկանանք, որ աշխարով մեկ խայտառակվելուց մեզ ընդամենը մի քայլ է մնացել: Եվ այստեղ Հրայր Թովմասյանի անձը երկրորդական, նույնիսկ երրորդական դեր է կատարում: Եթե ծիծաղելի այս իրավիճակը երկրում կտրուկ չփոխվի, ապա կստացվի, որ 2500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը չկարողացավ ազատվել մեկ մարդու կապրիզները սպասարկելու գործողություններից: Ինչը կլինի հայ ժողովուրդի վերջնական խայտարակությունը միջազգային ասպարեզում:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ