«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հրաժարվել է ներկայանալ Հայաստանի Քննչական Ծառայություն՝ գրառումների մասով բացատրություն տալու։ Սամսոնյանը նշել է, որ քննիչն իրեն հրավիրում էր ՀՔԾ բացատրություն տալու` առանց գրառման կամ նախապատրաստվող նյութերի մասին բավարար տեղեկատվություն տրամադրելու։ Բացի այդ, քաղաքագետի կարծիքով, ՀՔԾ ներկայիս ղեկավարությունը որևէ աղերս չունի իրավաբանության և իրավական գործընթացների հետ:
«Ինչպես և տեղեկացրել էի, ՀՔԾ կողմից հրավիրվել էի գրառումներիս մասով «բացատրություն» տալու: ՀՔԾ քննիչի կողմից առավոտյան զանգ ստացա և հեռախոսի մյուս կողմից Լեռնիկ անունով քննիչն ինձ հրավիրում էր ՀՔԾ` բացատրություն տալու` առանց գրառման, կամ նախապատրաստվող նյութերի մասին բավարար տեղեկատվություն տրամադրելու: Պահանջեցի, որ քննիչն ինձ գրավոր ծանուցում ուղարկի և պարտադիր նշի, թե ինչ գրառման մասով են բացատրություն ակնկալում ինձանից: Ցավոք սրտի, ծանուցագրի մեջ ևս ՀՔԾ-ի կողմից բավարար տեղեկատվություն չկար` բացի բացատրություն տալու «առաջարկից»:
Իրավապաշտպանների և փաստաբանների հետ խորհրդակցելով՝ որոշել եմ օգտվել իմ իրավունքից և չընդունել ՀՔԾ կողմից բացատրություն տալու առաջարկը: Որոշմանս վրա կարևոր ազդեցություն է ունեցել այն, որ իմ խորին համոզմամբ` ՀՔԾ ներկայիս ղեկավարությունը որևէ աղերս չունի իրավաբանության և իրավական գործընթացների հետ: Ավելին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայիս ամենաքաղաքականացված պաշտոնյան է, որի նկատմամբ իմ ունեցած կարծիքը հայտնել եմ բազմիցս: Կարծում եմ, որ իրավական պետության պայմաններում Սասուն Խաչատրյանը պետք է լինի ոչ թե ՀՔԾ պետի պաշտոնում, այլ բանտախցում, և հուսով եմ` այդ օրը սարերի հետևում չէ:
Հ.Գ. Վերջին շրջանում բազմիցս հայտնել եմ, որ ես իմ իրավունքների շրջանակներում հրաժարվելու եմ համագործակցել ակնհայտ քաղաքական գործիքի վերածված ՀՀ իրավապահ մարմինների հետ: Ներկայումս ևս հաստատում եմ իմ այս դիրքորոշումը և հայտնում եմ, որ քանի դեռ իմ կարգավիճակը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ինձ չի պարտադրում ներկայանալ նախաքննական որևէ մարմնի, ես օգտագործելու եմ իմ իրավունքը և չեմ մասնակցելու ներկայիս իշխանությունների կողմից ուղղորդվող քաղաքական շոուներին»,- գրել է Սամսոնյանը: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ոստիկանությունը նախ բերման էր ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Ավելի ուշ նա ազատ էր արձակվել։ Վերջինս լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը