«Հրապարակ»-ը գրում է․ «1in.am-ն այսօր մի հրապարակում էր արել, որտեղ ինչ որ անձինք նշել են, թե չգիտեն՝ ով է Փաշինյանի առողջական խնդիրների մասին կեղծ տեղեկությունները տարածում, բայց այդօրինակ ինֆորմացիայի տարածմամբ ժամանակին զբաղվել է Արթուր Վանեցյանը։ Մենք մեկնաբանություն խնդրեցինք այս հրապարակման հետ կապված ԱԱԾ նախկին տնօրենից։
«Երբեք որևէ ձևով առնչություն չեմ ունեցել որևէ անձի առողջական խնդիրների կամ ընտանիքի անդամներին առնչվող հրապարակումների հետ: Չեմ ցանկանում այլևս անդրադառնալ այս հարցին, քանի որ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստաբաններն այժմ զբաղվում են իմ անձին վերագրվող կեղծ լուրերը դատական կարգով վիճարկելու գործընթացով: Կլինի վճիռ, բոլորդ կտեսնեք, որ մարդկանց շատ կոնկրետ շրջանակ այս ողջ ընթացքում զբաղված է եղել իմ մասին կեղծիքներ տարածելով»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց, որ խստորեն դատապարտում է ցանկացած մարդու առողջական խնդիրների հետ կապված շահարկումները, առավել ևս՝ երբ դրանց հիմքում կեղծ ինֆորմացիան է:
«Դատելով այս անիմաստ ինֆորմացիոն աղմուկից՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի առողջական խնդիրների մասին լուրերի տարածման հեղինակներն ու շահագրգիռ անձիք այսօր հենց նրա թիմում են գտնվում և ամեն ինչ անում են, որպեսզի այդ ինֆորմացիան շարունակաբար քննարկման թեմա լինի: Այլ ողջամիտ բացատրություն, թե ինչու է այս անհիմն տեղեկությունը օրեր շարունակ իշխանական և պրոիշխանական շրջանակների կողմից քաղաքական օրակարգի կարևոր հարցերի մեկը դարձել, չկա»,-ասաց Արթուր Վանեցյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը