«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանությանից՝ հետ կանգնել Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների հակապետական եւ հակաժողովրդավարական գործելակերպից:
Հայտարարությունում ասվում է.
«2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Նախագահը, չնայած տարբեր քաղաքական ուժերի եւ մասնագիտական շրջանակների կոչերին, այնուամենայնիվ ստորագրեց, դրանով զարկ տալով Սահմանադրական դատարանի շուրջ լարվածության հերթական շրջափուլին:
Գործող իշխանությունն անցած 2019 թվականի ամբողջ ընթացքում փորձել է ձեւավորել մի թյուր պատկերացում, թե Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ, պայմանավորված նրանով, որ նրա դատավորների մեծ մասը ընտրվել են նախորդ իշխանության օրոք, եւ նպատակ է դրել ամեն գնով նրանց պաշտոնանկ անել։ Այդ նպատակին հասնելու համար այն գործի են դրել տարբեր մեխանիզմներ, ներառյալ Սահմանադրական դատարանի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱԺ միջնորդության ներկայացումը, այնուհետեւ նրա նկատմամբ քրեական մեղադրանք առաջադրելը, դատավորների նկատմամբ անթաքույց հոգեբանական ճնշումը եւ տարբեր էժանագին շահարկումները՝ նպատակ ունենալով ձերբազատվել գործող իշխանության համար անցանկալի դատավորներից, եւ սեփական միանձնյա վերահսկողությունը հաստատել Սահմանադրական դատարանի նկատմամբ:
Մենք խորապես համոզված ենք, որ իրական ժողովրդավարության գոյությունը պայմանավորված է իշխանության մարմինների միջեւ զսպումների եւ հակակշիռների կուռ համակարգի առկայությամբ, որում անփոխարինելի է Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ դերն ու քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում նրա գործունեության շարունակականության ապահովումը: Ավելին, վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ճնշումներին դիմագրավելու եւ իրենց սահմանադրական առաքելությունը պատվով շարունակելու պարագայում մեր պետությունը մեծ առաջընթաց կարձանագրի ժողովրդավարացման ճանապարհին՝ ապահովելով օրենքի գերիշխանության ամրապնդման հետեւողական ընթացքը: Հակառակը կլինի նահանջ ժողովրդավարությունից, եւ մեզ կվերադարձնի ավտորիտար կառավարման վատթարագույն ավանդույթներին, երբ պետական իշխանության բոլոր մարմինները կառավարվում են մեկ անձի կամ խմբավորման կողմից:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանությանից՝ հետ կանգնել Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների հակապետական եւ հակաժողովրդավարական գործելակերպից, եւ իր զորակցությունն է հայտնում Սահմանադրական դատարանի բոլոր այն դատավորներին, որոնք չընկրկելով, կշարունակեն պատվով կատարել իրենց սահմանադրական առաքելությունը:
Միաժամանակ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերին՝ գիտակցել պահի կարեւորությունը եւ միասնականորեն հակազդել տեղի ունեցող հակապետական գործողություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը