ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնանը հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած միջադեպին և ասել, որ զինծառայողներից մեկն ինքն իր վրա է կրակել:
«Ի սկզբանե կար որոշակի տեղեկատվության պակաս, հաշվի առնելով տեղանքը, բայց պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրեց: Փառք Աստծու, չունենք զոհ, իհարկե, մեկ զինծառայողի, որը որ ինքն իրեն վրա է կրակել, ունի առողջության հետ կապված որոշակի անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն»,-ասաց նա` նշելով, որ շուտով կտեղափոխվի Երեւան:
Նախարարի խոսքով` վիրավորված մյուս զինծառայողը ունի թեթև վիրավորում:
Հարցին, թե միջադեպը միջանձնային է եղել, թե ոչ, նախարար Տոնոյանն ասաց, որ նախաքննությունից դուրս չի ուզում որոշ բաներ ասել, սակայն ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել հսկողությունից:
Նախարարն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ հարաբերականորեն կայուն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը