Հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվեց ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվեց էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորեցին տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը։
Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալին նույն օրն ընդունեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս համատեքստում դրական գնահատվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը