Հունվարի 23-ին զինված հարձակում էր տեղի ունեցել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի վրա։ Քաղաքացին ներխուժել էր և պահանջել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը։
«Հրապարակ»-ը զրուցել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։
- Պարոն Սողոմոնյան, Դուք, սկսենք նրանից, որ այդ անձին ճանաչո՞ւմ եք։
- Նախ սկսենք նրանից, որ ես այդ անձին չեմ ճանաչում։ Երկրորդ․ կա մի կարևոր հարց, որի պատասխանը չունենալու դեպքում, մնացած հարցերի պատասխանները կարող են խնդրահարույց լինել։ Խոսքս այս մասին է՝ նշված անձը հոգեպես առո՞ղջ է, թե ոչ, ադեկվա՞տ է, թե ոչ։ Եթե ադեկվատ է, պարզենք իր մոտիվացիաները, քննարկենք, եթե ադեկվատ չէ, ուրեմն թող համապատասխան մասնագետներն իրենով զբաղվեն։ Այդ դեպքում ես մեկնաբանելու ոչինչ չունեմ։
-Ինչ-որ կասկածներ ունեք, որ ադեկվատ չէ՞։
- Չէ, ուղղակի այն գործողությունները, որ հիմա նկարագրվում են, և՛ մամուլում, և՛ ականատեսների կողմից, նման ենթադրության տեղիք տալիս են։ Ես ու Դուք դա չենք կարող որոշել, դա պետք է որոշեն պատշաճ, պատկան մարմինները։ Դրա համար եկեք սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է, ո՞վ է, ինչ է ուզում, և այդ դեպքում․ ըստ այդմ, կմեկնաբանենք։
- Իսկ փորձե՞լ եք հարցուփորձ անել՝ ձեր մոտ գնացել-եկել է՞․․․
- Հարցն այդ տեսանկյունից ինձ չի հետաքրքրել։ Իմ զբաղմունքն էլ չէ հետաքննել իր գործողությունները։
- Բազմաթիվ մարդիկ իր «ֆռենդլիստում», Թևանյան, Բոզոյան և այլն, նայել եք՝ կա՞ք։
- Ես Ֆեյսբուքում հաշիվ չունեմ, ու ճիշտն ասած՝ լավ էլ չեմ հասկանում, այս հարցում առանձնապես կոմպենետենտ չեմ։
- Պարոն Քոչարյանը տեղյա՞կ է այդ միջադեպից։
- Կարծում եմ՝ երբ մոտակա այցելուն գնա իր մոտ, կտեղեկացնի, չգիտեմ։ Համենայնդեպս, ես այդ հնարավորությունը չունեմ։
- Մի խոսքով՝ հավատում եք, որ այդ մարդը Ձեր կողմնակի՞ցն էր կամ չեք հավատու՞մ։
- Եթե կոֆեի բաժակ նայելով լիներ, ինչ-որ բան կասեի, բայց հիմա որևէ տեղեկություն չունեմ, ոնց պատասխանեմ չգիտեմ։
- Այսօր գնացե՞լ եք աշխատանքի, բոլորն այդտե՞ղ են, թե՞ գրասենյակը կնքված է։
-Չէ, ինչո՞ւ է կնքված․․․
- Դե, նախաքննություն, քննչական գործողություններ։
-Չէ, սովորական աշխատանքային ռեժիմով, ախատում ենք։ Ի դեպ, հիմա էլ, եթե դեմ չեք, շարունակեմ աշխատել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը